Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը Հայկականության նոր ճարտարապետություն կերտելու մասինհոդված է հրապարակել Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում։
Միքայել Մինասյանը նշում է, որ հայկական ազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը շարունակում է մնալ ՝ համահայկականության նոր, համարձակ ու արդյունավետ ճարտարապետության հարցը։ Նրա գնահատմամբ՝ Սփյուռքի հետ գործակցության քաղաքականության ներկայիս մոդելն այսօր արդյունավետության ճգնաժամ է ապրում։
«Աշխարհի հայկականությանը պետք է նոր երազանք, նոր թռիչք, նոր ճարտարապետություն, ընկալումների ու գործողությունների նոր բանաձև։
Որպես գլոբալ ազգի քաղաքական մեգանախագիծ` Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է դառնա աշխարհում առաջին գլոբալ պետությունը, առաջին ցանցային պետությունը, առաջին առցանց պետությունը, երբ հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար, զգացմունքային հարթությունից դուրս ու դրանից էլ բարձր, Հայաստանը կլինի իրենը՝ անկախ իր բնակության վայրից։
Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ու պետք է ընկալվի որպես անվտանգության աներկբա և երկաթյա երաշխավոր աշխարհի ցանկացած երկրում ապրող մեր հայրենակցի համար։
Մեր պետականությունը պետք է դառնա հայկական կապիտալի անվտանգության ամենաարդյունավետ երաշխավորը։ Մեր պետականությունը աշխարհասփյուռ հայության համար պետք է դադարի ընկալվել իբրև անշոշափելի, լոկ միայն հոգևոր հայրենիք։ Այն հայկականության համար պետք է վերածվի ուժի, հպարտության ու անվտանգության կիրառական աղբյուրի»,- գրում է նախկին դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը