ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին անդրադարձել է Россия 24 հեռուստաալիքը։
«Հայաստանի նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցանկացնում է «նստեցնել» նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին հայտնի դարձավ հատուկ ծառայությունների հետ Փաշինյանի հեռախոսազրույցներից, որոնց ձայնագրությունը հրապարակվեց համացանցում։ Եվ ոչ մի օրենք չի կանգնեցնում Հայաստանի վարչապետին։
Այս գործում միախառնվեցին քաղաքական վրեժը, դատարանի վրա ճնշումը և Սահմանադրության խախտումը։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։
Գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակցները բազմիցս հայտարարել էին, որ չեն հետապնդի քաղաքական հակառակորդներին։ Սակայն պարզվեց, որ երկրի ներկայիս ղեկավարությանն օտար չէ «հեռախոսային» արդարադատությունը։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսված հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանին հասկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը լուծված է։ Հատկանշական է, որ նախկին նախագահին կալանավորեցին այն բանից հետո, երբ նա հայտնեց, որ վերադառնում է քաղաքականություն:
Գործի նյութերում մեկը մյուսին են հաջորդում հակասությունները։ Մեղադրող կողմը գրում է, որ «Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած մի շարք մարդիկ կատարել են հետևյալ գործողությունները»․ ովքե՞ր են այդ մարդիկ, և ինչո՞ւ նրանց համար պետք է պատասխան տա Ռոբերտ Քոչարյանը, քննությունը հրաժարվում է պարզաբանել։ Եվ հետո, Քոչարյանին մեղարդում են մի հոդվածով, որն ուժի մեջ է մտել մարտի մեկի իրադարձություններից մեկ տարի անց։ Եվ ամենակարևորը՝ խախտվում է Հայաստանի Սահմանադրությունը՝ նախագահի անձեռնմխելիությունը։
Փաստաբանները նշում են, որ ապրում են ատելության մշտական պայմաններում։ Նախկին նախագահի ընտանիքի անդամներին էլ մեղադրում են փողերի լվացման մեջ։ Չնայած ճնշմանը՝ փաստաբանները շարունակում են պայքարը, այդ թվում՝ միջազգային ատյաններում։ Այս շաբաթ պաշտպանական կողմը 5-րդ անգամ դիմեց ՄԻԵԴ»,- նշում է հեռուստաընկերությունը։
Ավելի մանրամասն՝ ռուսական հեռուստաընկերության ռեպորտաժում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը