27 02 2019

Արարատ Միրզոյանը՝ Բաքվում հակահայկական ակցիային ռուսաստանցի գործիչների մասնակցության մասին

Արարատ Միրզոյանը՝ Բաքվում հակահայկական ակցիային ռուսաստանցի գործիչների մասնակցության մասին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակել է ՌԴ Դաշնային խորհրդում ունեցած ելույթից հատված, որը վերաբերել է Սումգայիթյան ջարդերի տարելիցի, Արցախյան հիմնահարցի և նախօրեին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստանյան որոշ գործընկերների մասնակցությանը:

«Մարդասիրական այս բաղադրիչն է՛լ ավելի այժմեական է դառնում հատկապես հենց այս օրերին, երբ աշխարհի հայերը ոգեկոչում են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը, որը տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ և դարձել հայերի դեմ ուղղված ջարդերից առաջինը՝ սկիզբ դնելով լիամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականությանը: Դա հանգեցրեց Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և այլ քաղաքների հայկական բնակչության զանգվածային արտագաղթին», - նշել է Միրզոյանն իր ելույթում:

Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հակված մնալ Արցախի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման տարբերակին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ձևավորված իրողություններն ու հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

«Սիրելի ընկերներ, ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև առկա դաշնակցային փոխգործակցության, ինչպես նաև ռուսական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերին՝ որոշ մեր ռուսաստանցի գործընկերներ հենց երեկ մասնակից են դարձել վառ ընդգծված հակահայկական ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում և միտված է տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը:

Ավելին՝ արդարացի տարակուսանք է առաջացնում տվյալ միջոցառմանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը», - եզրափակել է Միրզոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ