04 02 2019

Խաղաղության մասին խոսելը խիզախություն է․ Մնացականյան

Խաղաղության մասին խոսելը խիզախություն է․ Մնացականյան

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով վերջին զարգացումները և Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունները քննարկելու համար փետրվարի 4-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել էր հանդիպման։

ԱԳՆ-ն նշեց, որ հանդիպմանը քննարկել են արցախյան հարցը․ «Շատ լավ առիթ է, որ միասին քննարկենք հարցեր, որոնք վերաբերում են բոլորիս: Մենք խոսեցինք տարբեր հարցերի շուրջ, ինձ համար՝ որպես կառավարության անդամ, շատ կարևոր է ԱԺ խմբակցությունների հետ աշխատելը: Սա երկխոսություն է, որտեղ մենք համեմատում ենք մոտեցումները, գնահատականները, փորձում ենք հասկանալ՝ որտեղ ինչն է ճիշտ, ինչի վրա առավել ուշադրություն դարձնել, նաև բացատրում ենք մեր արածը»,- նշեց Մնացականյանը՝ հավելելով, որ պատրաստ է նաև մյուս խմբակցությունների հետ հանդիպել. «Իհարկե, որևէ մեկին չեմ պարտադրում, բայց համագործակցության այս մթնոլորտը շատ էական է»,- ասաց նա։

Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցի հետ կապված խիզախ քայլեր է ձեռնարկել, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Խիզախություն է խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է բոլոր մասնակիցներին՝ և՛ Ադրբեջանի ժողովրդին, և՛ Արցախի ժողովրդին, և՛ հայ ժողովրդին, սակայն խաղաղության մասին խոսելը չի նշանակում հարցականի տակ դնել վճռականությունը»։  ԱԳ նախարարը շեշտեց՝ շատ կողջունեն, որ նման հայտարարություն լինի նաեւ Ադրբեջանից։

Մեկնաբանելով վարչապետի այն հայտարարությանը, որ ԼՂ հակամարտությունն ունի 3 կողմ, ՀՀ ԱԳՆ-ն նշեց. «Հայաստանն ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Արցախի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին և շարունակելու է այդ ամենն անել»:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքին, թե «դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում անկյունաքարը հենց Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է, և արդյոք հարկավո՞ր է Փաշինյանի՝ նման դիրքորոշումը որպես բանակցություններից հրաժարում դիտարկել», Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Դա այդպես չէ, որովհետև Հայաստանը շարունակում է աշխատել այն մասով, ինչը վերաբերում է բանակցությանը»:

Զոհրաբ Մնացականյանը ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր պաշտոնական հանդիպման վերաբերյալ ասաց, որ պաշտոնական հանդիպման համար չշտապենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ