01 02 2019

Ո՞ւր է Խոսրով Հարությունյանը․ «Հետք»

Ո՞ւր է Խոսրով Հարությունյանը․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանի հանրությունը խիստ վրդովված էր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի, սպասվելիք թանկացումների և դրա հետևանքով աղքատների սոցիալական վիճակի էլ ավելի վատթարանալու մասին հիմնարար բացատրություններից։

«․․․ Աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ինչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան»,- ասել է պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Հանրության զայրույթը, ինչպես նմանատիպ այլ դեպքերում, փորձեց մեղմել Հ․ Հակոբյանի հետ նույն Հանրապետական խմբակցության անդամ, թերևս Հայաստանի ամենափորձառու, բոլոր իշխանությունների հետ համակեցության եզրեր գտած Խոսրով Հարությունյանը․ «․․․Միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները, միևնույն է, չեն կարող միս գնել ․․․» ։ Սակայն , եթե այլ դեպքերում Խոսրով Հարությունյանի սահուն բացատրությունները մասամբ փրկում էին նրա քաղաքական այդ ժամանակահատվածի թիմակիցներին, ապա այս անգամ նա ոչ միայն չօգնեց, այլև հանրության զայրույթն ուղղվեց նաև նրա վրա։

Այդպես լինում է, երբ իշխանությունները լիովին կտրված են լինում իրականությունից, նրանք ապրում, շնչում, ժամանակ են անցկացնում միմյանց հետ։ Ձևավորված վերնախավում զավակների ամուսնություններն էլ են պայմանավորված՝ վերնախավային։

Թվում էր, որ իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները գոնե բավական երկար ժամանակ չեն կտրվի հայկական իրականությունից։ Բայց՝ ոչ, երեկ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ հիշեց ավանդական «հայեցի, քյոխվայական» ասացվածք․«Մի ժողովրդական  խոսք կա՝ աղքատը որքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս` 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս: Դժվար է։ Լիքը բաներ կան, պետք է արվի»։ Տեսնես ու՞մ նկատի ուներ պարոն Ցոլակյանը։ ․․․Բայց կարծես թե հանրությունն այս անգամ չի վրդովվել։ Արդյոք այժմ հանրությունը համաձա՞յն է, թե՞ ․․․մոռացել էի, չէ՞ որ Ֆելիքս Ցոլակյանը չնայած նոր, բայց միաժամանակ հին կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչն է։

Երեկ հնչեց նաև մեկ այլ ուշագրավ, դարակազմիկ միտք։ Այպես, ֆինանսների փոխնարարար Արման Պողոսյանը մեկնաբանեց փաստաբանական ծառայությունների հարկային բեռն ավելացնելու մասին օրենքի նախագծի կարևորությունը․ «․․․էսօր եթե մենք փաստաբանական ծառայությունները ազատենք ավելացված արժեքի հարկից, նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են չէ՞ օգտվելու այդ հարկերից, բոլոր շահառուները, այդ թվում, կներեք բառիս համար՝ հանցագործները, որոնք նույնպես դիմում են փաստաբանական ծառայությունների։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պիտի սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։  

Եվ այսպիսի կարծիք է հայտնում պետական բարձրաստիճան պաշտոնյան։ Չեմ ուզում պարոն փոխնախարարին բացատրել տարրական գիտելիքներ՝ անմեղության կանխավարկածի, արդար դատավարության մասին։ Նրա խոսքից երևում է, որ նա այս հասկացություններից գաղափար չունի։ Նա մտածում է՝ ինչպես անիրազեկ, դատաիրավական համակարգի հետ երբեք չառնչված հասարակության ներկայացուցիչ, որոնց համար ցանկացած անձ, ում դեմ հարուցված է քրեական գործ, հանցագործ է։

Լավ, բայց որպես բարձրաստիճան պաշտոնյա, այն էլ ֆինանսների փոխնախարար՝ գոնե պետք է իմանար Հայաստանի բնակչության գերակշիռ մասի անվճարունակության և անհրաժեշտության դեպքում որակյալ փաստաբանական ծառայությունից օգտվելու դժվարության, եթե չասենք անհնարինության մասին և որ լրացուցիչ հարկային բեռը, ընդհարապես  անհնար կդարձնի նպաստներով ապրող, պարգևավճարներ չստացող մեր քաղաքացիների իրավական պաշտպանությունը։ Եվ վերջապես, փոխնախարարի ասած հանցագործների առկայությունը հիմնականում կախված է երկրի սոցիալական վիճակով, որի պատասխանատուներն իշխանություններն են, այդ թվում՝ անձամբ ինքը։

․․․Ու՞ր է նոր իշխանությունների «Խոսրով Հարությունյանը», որ մեզ՝ սովորական մահկանացուներիս բացատրի, թե իրականում ինչ էին ուզում ասել Ֆելիքս Ցոլակյանը և Արման Պողոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ