09 10 2023

Հարցեր, որոնց կառավարությունը պարտավոր է պատասխանել. Խոսրով Հարությունյան

Հարցեր, որոնց կառավարությունը պարտավոր է պատասխանել. Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարցեր  Հայաստանի  Կառավարությանը  երկրի   անվտանգության առկա սպառնալիքների չեզոքացման կամ մեղմանն ուղղված հրատապ քայլերի  վերաբերյալ 

Այն հարցերը, որոնք ես շարադրում  եմ  ստորև  ունեն մեր անվտանգության այսօրյա խնդիրների հետ ուղղակի առնչություն և դրանց կատարմանը Կառավարության կողմից հավուր պատշաճի անդրադարձը խիստ  պահանջարկված է թե՛  Հայաստանի հասարակության, թե՛ արցախահայության  և թե՛ սփյուռքի մեր հայրենակիցների հիմնական հատվածի կողմից:

Ստորև ներկայացվող խնդիրներն ու հարցադրումները պահանջում են  Հայաստանի Կառավարությունից  ամենակարճ ժամանակահատվածում  համապատասխան նախաձեռնություններով հանդես գալ, թեպետ որոշ խնդիրների  լուծումը կամ կարգավորումը կարող է  ժամանակատար լինել:

Հայաստանի անվտանգության սպառնալիքների չեզոքացման  և երկարաժամկետ հատվածում արմատական լուծում պահանջող  խնդիրներին սույն հայրցադրումներում անդրադարձ չի կատարվել:

Եվ այսպես, որո՞նք են  ներկա փուլում Հայաստանի և Արցախի շուրջ զարգացումների լուսի ներքո  հրատապ նախաձեռնություն պահանջող խնդիրները և/կամ  ի՞նչ հարցերի պատասխաններ է  ակնկալում հանրությունը Կառավարությունից:

  1. Ադրբեջանն իր գործողություններն Արցախի և արցախահայության դեմ պաշտոնապես ներկայացրեց, որպես հակաահաբեկչական գործողություն: Կարելի՞ է ենթադրել, որ իրականում տեռորիստական պետության պարագլուխ  Ալիևը ակնարկում է, որ տարիներ շարունակ ԱՄՆ Կառավարությունն իր բյուջեից ֆինանսավորում էր Արցախի Հանրապետության ահաբեկչական իշխանությանը: Անշուշտ՝ ոչ: 

Հետևաբար հարց.

Ինչու՞  Հյայաստանի Կառավարությունն  Արցախում  Ադրբեջանի  գործողությունները  հակաահաբեկչական անվանելը  պաշտոնապես  չգնահատեց  որպես արցախահայության  հանդեպ  իր ցեղասպան քաղաքականությունը  քողարկելու անհաջող փորձ:

Ինչու՞ Հայաստանի Կառավարությունը չտվեց այդ գործողությունների  իրավա-քաղաքական  սեփական   գնահատականը՝ արցախահայության ցեղասպանություն  Ադրբեջանի կողմից (ցեղասպանություն այլ ոչ թե էթնիկ զտում):

Ինչու՞  Հայաստանի Կառավարությունը չպահանջեց միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդ պետությունների ղեկավարներից տալ Արցախի հանդեպ Ադրբեջանի քաղաքականության իրավական քաղաքական  գնահատականը:  

  1. Ինչու՞ Հայաստանի Վարչապետը մեկնեց Գրանադա, հատկապես այն դեպքում, երբ հայտնի էր, որ Ալիևը չի մասնակցելու հնգակողմ հանդիպմանը:

Արդյո՞ք այն փաստաթուղթը, որը միակողմանիորեն  ստորագրվեց  Հայաստանի կողմից կարող է հավակնել  ‹‹շրջադարձային››  կոչվելուն:

Մի՞թե այդ փաստաթղթով չեզոքացվում են մեր պետության անվտանգության, սահմանների անձեռնմխելիության կործանարար այն սպառնալիքները, որոնք առկա են այսօր:

Մի՞թե ըստ այդ փաստաթղթի Ադրբեջանը  պարտավոր է լքել Հայաստանի սուվերեն տարածքից իր ռազմական վերահսկողության տակ վերցրած ավելի քան 150 քառ. կմ  հատվածները և  ռազմավարական կարևորության  բարձրունքներն, այդ թվում Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի բարձրունքները, Սոթք- Խոզնավար հատվածը և  Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ը:

Շառլ Միշելի  հետ հեռախոսազրույցում Ալիևը փաստում է, որ ‹‹ադրբեջանական 8 գյուղեր Հայաստանն օկուպացրել է  և  դրանք պետք է ազատագրվեն››: 

‹‹Օկուպացրել են›› և ‹‹պետք է ազատագրվեն›› եզրույթների օգտագործումը վկայում է, որ Ալիևը ոչ միայն չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից, այլև  իրեն իրավունք է վերապահում ուժով վերցնել այն անկլավները, որոնք  նրան խոստացել է Հայաստանի Վարչապետը, և դրանք վերածել միլիտարիզացված հենակետերի:

Այսինքն ստորագրելով Ադրբեջանի 86 600 քառ.կմ տարածքը ճանաչելու մասին հայտարարությունը  Հայաստանի Վարչապետը փաստացի նպաստում է Հայաստանի անվտանգության նոր սպառնալիքների ձևավորմանը:

Հարց. ինչու՞ և ու՞մ  է դա  պետք: 

Հատկանշական է, որ  Ալիևն իր մտադրությւունների մասին բարձրաձայնում է   խաղաղություն հաստատելու   միջնորդական առաքելություն  ստանձնած  եվրոպական բարձրագույն ղեկավարի  հետ զրույցում և Հայաստանի Վարչապետի կողմից Ադրբեջանի տարածաքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո: Այս հանգամանքը    փաստում է Շառլ Միշելի առաքելության անլուրջ բնույթը և  Ալիևի ոչ պակաս անլուրջ վերաբերմունքն այդ առաքելությանը:    

Նման պայմաններում  ինչո՞վ էր պայմանավորված  այդպիսի  փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտությունը և մեր երկրի անվտանգության տեսակետից ի՞նչ գործնական արդյուքներ կարող է տալ այդ փաստաթուղթը: 

Եթե վերը շարադրված    սպառնալիքները չեն չեզոքացվում, այլ նաև  նոր սպառնալիքներ են ձևավորվում, ապա   ինչո՞վ է  պայմանավորված իշխանության ներկայացուցիչների ոգևորությունը կապված այդ  փաստաթղթի ստորագրման հետ:    

  1. Ինչու՞ Գրանադայի եվրոպական ֆոոումին մասնակցությունը չօգտագործվեց արցախահության  հանդեպ  Ադրբեջանի ցեղասպանական  քաղաքականության գնահատականի  միջազգայնացման նպատակով:

Ինչու՞ չհայտարարվեց Ալիևի հետ առարկայական քննարկումներից հրաժարվելու մասին, մինչ ապօրինի ձերբակալաված Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների, ռազմական գործիչների և Ադրբեջանի բանտերում խոշտանգվող մեր գերիների ազատ արձակումը:

Ակնհայտ է, որ արցախահայության մեծ ողբերգության հարցում  որոշակի առումով մեղավորության զգացում ունեն նաև եվրոպական լիդերները և այդ հանգամանքը ստիպում է նրանց, գոնե այս ընթացքում, համեմատաբար ավելի արցախահայանպաստ մոտեցումներ ցուցաբերել (այդ են վկայում  Արցախի տեղահանված ժողովրդին հումանիտար օգնություն ցույց տալու պատրաստակամության մասին եվրոպական մի շարք լիդերների հայտարարությունները):  Եթե  հաշվի առնենք նաև հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների անընդհատության ապահովման խնդրում  եվրոպական մեր գործընկերների նախանձախնդիր մոտեցումը, ապա շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու՞ փորձ չարվեց կորզել այդ նույն լիդերների հայտարարությունն արցախյան մեր գործընկերներին և գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

  1. Արցախի հայաթափման հետևանքով Լաչինի միջանցքի ֆունկցիոնալ նշանակությունը, ցավոք, այլևս զրոյացված է, համենայնդեպս շոշափելի ապագայում:

Այդ պարագայում ինչու՞ է Հայաստանը  շարունակում բանակցել Մեղրիով  Ադրբեջանին Նախիջևանի հետ կապվելու տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն  տրամադրելու  շուրջ: Չէ՞ որ 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ  այդ կետը հայտնվել է ի հակակշիռ Լաչինի միջանքցի պահանջի:

Ինչու՞ Հայաստանը չի հայտարարում այդ բանակցություններից դուրս գալու մասին,  փոխարենը առաջարկելով  քննարկել   երկու երկրների տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման և  փոխշահավետ տնտեսական համագործակցության, ուստի  և  երկուստեք վստահության ձևավորմանը նպաստող  երկաթուղին գործարկելու հարցը՝  Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Երևան- Երասխ-Նախիջևան երթուղով:

Այդ երկաթուղին լոգիստիկ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու  տեսակետից, կարծում եմ,  տնտեսական արդյունավետության առումով համեմատության մեջ ավելի  քիչ միջոցներ կպահանջի: Սակայն ամենաէականն այն է, որ երկու պետությունների միջև հաղորդակցությունն  այդ երթուղով կազմակերպելու դեպքում չեզոքանում է տնտեսական և ոչ տնտեսական ազդեցության միջոցների օգտագործմամբ միակողմանի օգուտ կորզելու կողմերի գայթակղությունը: Ավելին,  Ֆեոլետովո-Վանաձոր 35 կմ երկարության  երկաթուղու հատվածը  կառուցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում նաև նշյալ երթուղին կապել Ախուրյան-Ղարս երկաթուղու հետ և ստանալ տարածաշրջանի   տարանցիկ  կարողությունների  տպավորիչ   ավելացում՝ ի լրումն Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու հնարավորությունների:

Ապաշրջափակման այս  ծրագիրը  բավարարում է նաև Ռուսաստանի պահանջները, քանի որ ավելի կարճ է, քան Ադրբեջանով-Մեղրիով - Նախիջևանով Ռուսաստանը Թուրքիայի հետ կապող երթուղին և  հատկապես, եթե հաշվի առնել այն հանգամանքը, որ երկաթուղու հայաստանյան հատվածը ամբողջությամբ տնօրինվում է ‹‹Հարավկովկասյան Երկաթուղի›› ռուսական ընկերության կողմից: 

Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր- Ախուրյան- Ղարս երթուղին նաև հնարավորություն է տալիս Հայաստանին  սեփական մասնակցությունն ունենալ Չինական ‹‹Մեկ գոտի- Մեկ ուղի››  ծրագրում՝ ներգրավվելով  Չինաստանը Եվրոպային կապող, այսպես կոչված,    ‹‹Միջին Միջանցքում››: Վերջինն էապես նպաստավոր է մեր երկրի աշխարհաքաղաքական  պոտենցիալը, հետևաբար նաև  անվտանգության մակարդակը,  բարձրացնելու  ռազմավարական կարևորության խնդրի տեսանկյունից:                

Ուստի ինչու՞  Հայաստանի Կառավարությունը հաանդես չի գալիս նախաձեռնությամբ  երկու պետությունների միջև խաղաղությունը գործնականում անշրջելի դարձնելու  երաշխիքներ պարունակող  ապաշրջափակման այս  ծրագրի քննարկումը սկսելու վերաբերյալ:

  1. Հաջորդ հարցերի խումբը վերաբերվում է պետական սահմանի սահմանազատման հիմնախնդրին:

Ակնհայտ է որևէ հիմնավորմամբ պետական սահմանի  սահմանազատման խնդրից խուսափելը անթույլատրելի է, այն պարզ պատճառով, որ միջազգայնորեն  ճանաչելի գործընթացների միջոցով պետությունների միջև  սահմանազատված և սահմանագծված միջպետական սահմանը ցանկացած պետության միջազգային ճանաչման պարտադիր ատրիբուտներից է:

Հետևաբար  Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատումն անխուսափելի անհրաժեշտություն է:

Պետությունների միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում ձևավորված   միջպետական սահմանը կարող է  ունենալ  միաջազգային ճանաչում, եթե այն ճանաչվել  և իրավական պատշաճ ձևակերպում է ստացել  սահմանազատում իրականացնող պետությունների կողմից, իսկ վեճերի դեպքում՝  եթե այն ձևավորվել է համապատասխան իրավասու  միջազգային դատական ատյանների որոշումների հիման վրա:

Սահմանազատման խնդիրներում պետությունների միջև վեճի առկայության դեպքում կարևոր է  դառնում հարցը՝ արդյո՞ք կողմերը սահմանազատման խնդիրների կարգավորման գործում առաջնորդվել են միջազգայնորեն ճանաչելի գործընթացներով:  Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրներում կարող են առաջանալ բազմաթիվ հարցեր և անհամաձայնություններ՝ որևէ կասկած չի հարուցում: Ուստի հաշվի առնելով այդ օբյեկտիվ իրողությունը՝ մի կողմից և սահմանազատում իրականացնելու անհրաժեշտությունը՝ մյուս կողմից, հարց է առաջանում գոյություն ունի արդյո՞ք  խնդրո առարկային առնչվող փաստաթուղթ:

Իրականում նման փաստաթուղթ, որը սահմանում է պետությունների միջև միջպետական սահմանի սահմանազատման օրինակելի գործընթաց, գոյություն ունի և այն ընդունվել է ԵԱՀԿ Քարտուղարության կողմից 2017թ դեկտեմբերին և կոչվում է ‹‹Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, հրատապ խնդիրներ և լուծումներ››: Այդ փաստաթուղթը ընդունվել է հետխորհրդային պետությունների միջև սահմանազատման աշխատանքներին մասնագիտական աջակցություն ցույց տալու  նպատակով:

Ինչու՞մն է այդ փաստաթղթի առանձնահատկությունը: Այն առաջարկում և պահանջում է սահմանազատման աշխատանքներ իրականացնող պետություններին  սահմանազատման աշխատանքները սկսել  նախ այդ խնդրի կարգավորման համար հիմք հանդիսացող  սկզբունքների քննարկումից և համաձայնեցումից (այլ ոչ թե աշխարհագրական քարտեզների ընտրությունից):    

Ընդ որում փաստաթղթով առաջարկվում են բանակցության ենթակա այնպիսի  սկզբունքներ, որոնք շատ հրատապ և արդիական են մեզ համար: Օրինակ՝

ա/ ապագա սահմանը չի կարող լինել անկայունության  և սպառնալիքի աղբյուր:

Համաձայն այս սկզբունքի Ադրբեջանական ուժերը պետք է  դուրս գան ՀՀ սուվերեն  տարածքներից և ստրատեգիական նշանակության բարձրունքներից, որոնք գրավել են վերջին տարներին՝ Հայաստանի վրա ուժի   կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով միակողմանի զիջումներ կորզելու նպատակով:

Այս սկզբունքի կիրառումը բացառում է նաև անկլավները Ադրբեջանին վերադարձնելու խնդիրը, քանի որ այդ կերպ Ադրբեջանը ստանում է մեր ռազմավարական կոմունիկացիաների վրա անշրջելի սպառնալիքներ ձևավորելու հնարավորություն, ինչը որևէ կերպ չի կարող նպաստել տևական խաղաղության հաստատմանը: 

բ/ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները սահմանազատման արդյունքում չեն կարող զրկվել բնականոն կոնսագործունեություն իրականացնելու անհրաժեշտ հնարավորություններից, այդ թվում ջրաղբյուրներից, տրանսպորտային ենթակառուցվածքներից, էլեկտրական հոսանքի մատակարարման  հնարավորություններից, խոտհարքերից, հեռագնա արոտավայրերից և այլն:  

Այս սկզբունքը փաստում է, որ չի կարող մարդու տունը գտնվել Հայաստանում, իսկ գոմը Ադրբեջանում: Դժվար է թերագնահատել այս սկզբունքի կարևորությունը մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար:

գ/ սահմանազատմանը նվիրված խնդիրներում չեն կարող հաշվի չառնվել կադաստարային քարտեզները այն ընկալմամբ, որ եթե  հողի կամ անշարժ գույքի  նկատմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը  ձեռք է բերվել  ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով,  ապա այն չի կարող անտեսվել  սահմանազատման խնդիրների լուծման ընթացքում:      

ԵԱՀԿ Քարտուղարության ընդունած փաստաթուղթը պարունակում է նաև այլ սկզբունքներ, որոնք նույնպես կարող են ներգրավվել կողմերի ներկայացուցիչների միջև բանակցություններում:

Հիմա հարց. ինչու՞ Հայաստաանի Կառավարությունը սահմանազատման խնդրում չի առաջնորդվում ԵԱՀԿ  Քարտուղարության նշյալ փաստաթղթով, այլ անընդհատ առաջ է քաշում ինչ որ թվականին ընդունված աշխարհագրական քարտեզները հիմք ընդունելու հարցը, այն դեպքում երբ այդ քարտեզները կարող են օգտագործվել որպես լրացուցիչ նյութ սահմանազատման սկզբունքների շուրջ բանակցելուց և համաձայնության գալուց հետո: 

Ակնհայտ է, որ սահմանազատման խնդիրների կարգավորման այս մոտեցումն Ադրբեջանի կողմից կարող է մերժվել, բայց ոչ թե իրավական որևէ հիմնավորմամբ, այլ բացառապես քաղաքական իր նպատակների իրականացմանը   խոչնդոտելու  նկատառումներից ելնելով, ինչն անշուշտ կթուլացնի նրա դիրքերը բանակցություններում: 

Այս մոտեցումը չի կարող մերժվել կամ անտեսվել նաև  միջնորդների կողմից՝ եվրոպացիների, ռուսների,  ամերիկացիների կողմից, այն չի կարող մերժվել  նույնիսկ թուրքերի ու ադրբեջանցիների կողմից, քանի որ բոլորը հանդիսանում են ԵԱՀԿ անդամ պետություններ:  Ավելին, Շառլ Միշելը առաջարկում էր իրենց խորհրդատվական աջակցությունը կողմերին սահմանազատման խնդիրներում և ակնհայտ է, որ նրա կողմից ներկայացված փորձագետները չեն կարող մերժել իրենց իսկ կողմից հավանության արժանացած հայեցակարգային դրույթների հիման վրա  հայկական կողմի տրամաբանված դիրքորոշումը:

Նշյալ փաստաթղթով սահմանազատման աշխատանքներն իրականացնելու պարագայում վեճերի լուծումները ՄԱԿ-ի Արդարադատության Միջազգային Դատարանի  կողմից նույնպես  կգնահատվի պատշաճ իրավական ապահովվածությամբ  իրականացված  գործընթաց, ինչն էական կլինի որոշումներ ընդունելու համար: 

Անշուշտ սահմանազատման առաջարկվող մոտեցումը իրականում կլինի ժամանակատար և կարող է տևել ամիսներ, իսկ  միգուցե մեկ կամ երկու տարի: Իհարկե դա կարող առաջացնել  ադրբեջանական կողմի դժգոհությունը, բայց  չի կարող դառնալ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու  առիթ, յուրատեսակ կազուս բելլի, քանի  որ հայկական կողմը առաջարկում է առաջնորդվել անվտանգության  ոլորտում միջազգային ամենահեղինակավոր կառույցի  առաջարկած հայեցակարգով:

Այո, այդ աշխատանքները կպահանջեն մեծ ջանք և մասնագիտական լուրջ ներգրավում: դրանք կպահանջեն նաև  ժամանակ,  որի կարիքը մենք շատ ունենք,  և  այն ռացիոնալ և արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք նաև  աստիճանաբար վերականգնել արտաքին սպառնալիքներին դիմագրավելու սեփական կարողությունները:

Հայաստանի Կառավարության կողմից որևէ հիմնավորում չի կարող լինել  սահմանազատման  և սահմանագծման  խնդրում միջազգայնորեն ճանաչելի  նշյալ փաստաթղթից հրաժարվելու համար:

Տեղեկանքի կարգով նշեմ, որ ապաշրջափակման և սահմանազատման խնդիրների ներկայացվող մոտեցումներն առավել մանրամասն և մեկնաբանություններով ես շարադրել եմ դեռևս 2021թ գրված ‹‹Հայաստանը մուրճի և սալի արանքում, ի՞նչ անել›› վերտառությամբ  իմ հոդվածում: Ցավոք այդ հարցադրումները պետական իշխանության համապատասխան պաշտոնյաների կողմից մնացին անարձագանք:  

Սրանք են  կարճաժամկետ հորիզոնում հրատապ կարգավորում  պահանջող  այն խնդիրները և  հարցերը, որոնք բխում են այս փուլում մեր անվտանգության առկա սպառնալիքները մեղմելու և անվտանգային միջավայրն  աստիճանաբար առողջացնելու  նախադրյալներ ձևավորելու հրամայականից: 

Հարկ է նշել, որ առնվազն ապաշրջափակման և սահմանազատման խնդիրների շուրջ համաձայնության մասին  փաստաթղթորեն պատշաճ ձևակերպում ունենալուց հետո միայն կարել է ձեռնամուխ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև  հարաբերությունների կարգավորման մասին պայմանգրի մշակմանն ու ընդունմանը:  

Հայաստանի Կառավարությունն ի դեմ Վարչապետի  պարտավոր է  արձագանքել  այս հարցադրումներին»:

                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ