30 01 2019

Գրիգորի Կարասինը հայտնում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման մասին

Գրիգորի Կարասինը հայտնում է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման մասին

ՌԴ ԱԳ՝ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող փոխնախարար Գրիգորի Կարասինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը և բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին։

Կարասինը հայտարարել է առաջիկայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման մասին։

ՌԴ փոխարտգործնախարարը նշեց, որ հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ, շուրջ կես օր քննարկել են երկկողմանի հարաբերությունները, որի շրջանակում անդրադարձ է եղել եվրասիական ինտեգրացիային, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղին: 

«Ճիշտ է կանխատեսելիությունը: Երկու կողմերն էլ լավ են հասկանում: Մեզ հարկավոր է կայունություն, բաց գործելաոճ, միմյանց մտքերի ու մտադրությունների հասկացողություն: Մենք համաձայնեցինք սերտ կապեր հաստատել և համակարգել, այդ թվում նաև միջազգային հարթակներում: Մենք համագործակցում ենք և կշարունակենք դա անել», - ասաց Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը:

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում առաջիկայում առևտրատնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման համար:

ԼՂ հարցին անդրադառնալով՝ Կարասինը նշեց․ «Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները և ցանկություն ենք հայտնել, որ դրանք լինեն շարունակական: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Նոր հանդիպումներն առջևում են և, ինչպես ես եմ հասկանում, տարբեր մակարդակներով՝ երկրների ղեկավարների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպումներին պետք է լավ պատրաստված լինեն, որպեսզի լինեն իրատեսական, բերեն իրական արդյունքեր ու առաջընթաց: Շատ կարևոր է, որ Ղարաբաղի հարցով միջազգային դրությունը լինի կանխատեսելի կայուն, հանգիստ»։

ԱԳ փոխնախարարն ասաց, որ բոլորը միակարծիք են՝ պետք է բացառվեն ուժային գործողությունները: «Մենք ընդգծում ենք, որ վերջին ամիսներին հանգիստ իրավիճակը դարձել է բնորոշ։ Բոլոր համանախագահ երկրները միտված են նրան, որ բացառվեն ուժային սցենարը։ Բոլորն են ցանկանում, որ առաջընթացն արագ լինի: Մենք պետք է իրատեսական լինենք ու ապավինենք ողջամտությանն ու բանակցություններին, որն ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միրջև՝ միջազգային հանրության օգնությամբ», -նշեց Գրիգորի Կարասինը՝ հավելելով, որ բոլորն են ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արագ տեղի ունենա:

Հարցին՝ հնարավո՞ր է հասնել խաղաղության՝ առանց տարածքների կորուստի, Գրիգորի Կարասինը պատասխանեց, որ այդ հարցին ինքը պատասխանել չի կարող:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ