05 10 2020

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

 

ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները։

ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններում Թուրքիայի աջակցությամբ Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը հանգեցնում է  տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։

Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ