Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալուց հետո մասնակցել է տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսին:
Փաշինյանը, անդրադառնալով Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպամնը, ասել է, որ բանակցությունների կոնկրետ արդյունքներ, ըստ էության, չկան, քանի որ դա «ուղղակի շփում» էր, իսկ Դուշանբեում կոնկրետ արդյունքներ էին ձեռք բերվել: «Ո՛չ Ալիևը, ո՛չ ես, ո՛չ որևէ մեկ ուրիշը արդյունքներ չենք ակնկալել: Իհարկե, խոսել ենք ղարաբաղյան հակամարտության մասին: Փաստացի, դա բանակցություն չէր, այլ ոչ պաշտոնական շփում: Ես բազմիցս ասել եմ, որ ներկայացնում եմ և կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում ՀՀ–ի ընտրություններին, այսինքն` նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ: Նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը, և այդ պատճառով ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից: Դա բոլորին հասկանալի է»,- ասել է նա»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք վարչապետը սխալ է համարում ՀՀ նախկին իշխանությունների՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձնելու որոշումը:
«Երբ պատգամավոր էի, դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Բայց դրանից հետո մենք բազմիցս հայտարարել ենք, որ եթե դա սխալ որոշում ենք համարում, դա դեռ չի նշանակում, որ այդ սխալի շտկման համար հարկավոր է ուղիղ հակադիր քայլեր ձեռնարկել: Այսօր փաստ է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ես չեմ կարծում, որ ռիսկային շրջադարձերն օգտակար կլինեն միջազգային հարցերում: Այսօր մեր խնդիրն է ԵԱՏՄ-ն առավել ադյունավետ դարձնելը: Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին: Մենք ջանք չենք խնայում, որպեսզի Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին լինի առավել արդյունավետ, օգտակար և հեռանկարային»,-ասել է վարչապետը:
Իր տեսակետը հիմնավորելու համար նա օրինակ է բերել՝ հիշեցնելով, որ ժամանակին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման դեմ էր իրեն նախորդած Ջորջ Բուշ կրտսերի՝ ամերիկյան զորքերն Իրաք ուղարկելուն:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գազի գնին: Նրա խոսքով, դեռևս խոսքն այն մասին է, որ 2019 թվականին ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա:
«Մենք ունենք մեկ տարի Ռուսաստանի մեր գործընկերների, «Գազպրոմի» և ԵՏՄ-ի հետ խորհրդակցությունները շարունակելու և երկարաժամկետ հեռանկարի համար հարցի լուծման համար»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում սուբսիդավորել գազի գործող գինը և դրա դիմաց որևէ բաժնետոմս չի փոխանցվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը