21 01 2019

Մարզպետն իրավունք չուներ 104․5%-ով ինքնապարգևատրվել․ Պապիկյան․ «Ազատություն»

Մարզպետն իրավունք չուներ 104․5%-ով ինքնապարգևատրվել․ Պապիկյան․ «Ազատություն»

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում հաստատել է՝ Արարատի մարզպետը իրավունք չուներ իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճար սահմանել։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ապա նա, ըստ Պապիկյանի, գործել է օրենքի շրջանակում:

«Խիստ խնդրահարույց է մեկ դրույքաչափից ավելի վարձատրությունը, ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել [Արարատի մարզպետի հարցով], և լիազոր մարմինը այս խնդրի հետ կապված, կարծում եմ, քայլեր կձեռնարկի կամ գոնե պարզաբանում կտա», - մանրամասնեց տարածքային կառավարման նախարարը։ - «Այնուամենայնիվ, իրավական փոքրիկ խնդիր կա, որը կկարգավորվի»,- ասել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը կարծում է, որ խնդիրը կապված է կա՛մ չիմացության, կա՛մ էլ ստորին օղակների պաշտոնյաների անբարեխիղճ լինելու հետ:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետի պարգևատրումներին՝ Սուրեն Պապիկյանը նշել է. «Սյունիքի մարզպետն արդեն իսկ պարզաբանում տվել է, իրավաբանական ոչ մի խնդիր չկա, ինչ վերաբերում է 6-ամսյա պաշտոնավարման ժամկետին, ապա դա վերաբերում է քաղաքացիական ծառայողներին, այն պաշտոնը, որը զբաղեցնում է մարզպետը, հայեցողական է, և նրանց այս օրենքը չի վերաբերում»:

Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ կարևոր է համարում այն, որ ԶԼՄ-ները, քաղաքացիները իրենց աշխատանքը խոշորացույցի ներքո են պահում, բայց իրենք թաքցնելու ոչինչ չունեն:

«Այսօր մարզպետներին քննադատում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք, ինչպես ասում են օդում կախված լուրերը, ամեն ամիս ծրարով վերադասից գումար են ստացել։ Հիմա, երբ մարդիկ աշխատում են բաց ու ցույց են տալիս, որ սա է, մարզպետարանի բյուջեն սա է, խնայողություններն այսքանն են, ես էլ ՀՀ ծառայող պաշտոնյա եմ, ինչպես եւ մյուս քաղծառայողները, որոնց ես պարգևատրում եմ Ամանորին ընդառաջ»:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետը 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում՝ իրեն, պարգևատրել է 104.5% դրույքաչափով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ