20 01 2019

Մարզպետներն արդեն իրենք իրենց են պարգևատրում․ «Հետք»

Մարզպետներն արդեն իրենք իրենց են պարգևատրում․ «Հետք»

Մի քանի այլ մարզպետների պես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս պարգեւատրել է իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկեր մյուս մարզպետները․ նա 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգատրել է 104.5% դրույքաչափով: Ընդ որում, գումարի չափը չի նշվել կարգադրության մեջ:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրությունը հիմնավորել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ կետով: Մինչդեռ, օրենքի հենց այդ դրույթում բոլորովին այլ բան է ասված. «Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պետական ծառայողը հատուկ առաջադրանքների և(կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվում է իր մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի հայեցողությամբ տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ»:

Օրենքը նախատեսում է պարգևատրում մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, մինչդեռ մարզպետ Սարգսյանը պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով: Օրինակ՝ Կոտայքի մարզպետի կարգադրությամբ 1-ին կարգի, առաջատար և գլխավոր մասնագետները պարգևատրվել են աշխատավարձի 100%-ի չափով, իսկ ղեկավար անձնակազմը՝ 87%-ի չափով, Արմավիրում՝ մարզպետը պարգատրվել է 100%-ի չափով, իսկ տեղակալները, խորհրդականը, օգնականը՝ 57%:

Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգատրվել է 552,930 դրամ և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ