Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին, որում քննադատում էր նախկինում դեսպանների նշժանակման ձևն ու նշանակված դեսպաններին։
«Դիմում եմ իմ հարգելի գործընկեր «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ղեկավար Էդմոն Մարուքյանին
Հարգելի Էդմոն,
Զարմանքով լսեցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, մեր նախկինում գործընկեր Արման Բաբաջանյանի ս.թ. հունվարի 16-ին ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթը, որն ի տարբերություն մամուլում պատվիրված անանուն հոդվածների և թշնամի երկրների քարոզչամեքենաների կողմից շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից հնչեցված մեղադրանք է, որը որևէ կերպ «քաղաքական հայտարարություն» հասկացության հետ չի առնչվում:
Ելնելով իմ` ներկայումս դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու հանգամանքից, հարկ չեմ համարում այս պահին անդրադառնալ հնչեցված անհիմն մեղադրանքին, սակայն, օգտվելով առիթից, կոչ եմ անում համապատասխան կառույցներին լրջորեն ուսումնասիրել վերոհիշյալ հարցը, որ իր մեջ ներառում է կամ զրպարտանք կամ սպառնալիք ՀՀ ազգային շահերին և ազգային անվտանգությանը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Սակայն այս պահին ուզում եմ անդրադառնալ կատարվածի բարոյական կողմին` հավատացած լինելով, որ անգամ քաղաքական շահեր հետապնդելիս տարրական բարոյական սկզբունքներն անտեսել հնարավոր չէ:
Սիրելի Էդմոն,
Արման Բաբաջանյանի բարձրաձայնած հարցի առնչությամբ ուզում եմ հիշեցնել և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել քեզ, այդ համատեքստում, քո անձնական և այնժամանակվա «Ելք» խմբակցության որոշ անդամների ինձ ցուցաբերած բարոյական և ինչու չէ նաև քաղաքական աջակցություն համար:
Վստահ եմ նաև, որ հիշում ես Ռումինիա ժամանելուց առաջ ինձ ուղղված Ձեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև իմ նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում ունեցած մեր քննարկումները` ձևավորելու միջազգային ստանդարտներին համահունչ համագործակցություն խորհրդարանական դիվանագիտության և խորհրդարանական վերահսկողության լույսի ներքո, նույն այն տրամաբանությամբ, ինչ այսօր քննարկում էիք ՀՀ ԱԺ-ում:
Հարգելի գործընկեր,
Բազմիցս անդրադարձել ենք ՀՀ ԱԳՆ համակարգում քաղաքական նշանակումների հարցին և, ինչպես դու արդարացիորեն նշում էիր մեր խոսակցությունների ընթացքում, իմ նշանակումը զուտ քաղաքական չէ. հակառակը, հանդիսանում է այնպիսի օրինակելի և միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառելի երևույթ, ինչպիսին փորձագիտական-վերլուծական և քաղաքացիական հասարակության ներկայացուցչի անցումն է դիվանագիտական ծառայության: Ի դեպ, ինչպես գիտենք, քաղաքական նշանակումների պրակտիկան չի ներառում ՀՀ օրենսդրության որևէ տարրի խախտում, ավելին, այս պրակտիկան ՀՀ ԱԳՆ համակարգում շարունակվում է:
Անհամեստ եմ համարում հիշեցնել մասնագիտական ձեռքբերումներս ու կենսագրությունս, որին քաջատեղյակ են այսօր ՀՀ ԱԺ-ում, ԱԳՆ-ում, ՊՆ-ում և այլ պետական կառույցներում, ինչպես նաև վերլուծական և քաղաքացիական հասարակության ոլորտում գործող իմ բազմաթիվ գործընկերներն ու ուսանողները:
Սիրելի Էդմոն,
Ավարտելով խոսքս` ուզում եմ նշել, որ լիովին կիսում եմ քո և բազմաթիվ նորընտիր պատգամավորների ցանկությունը` ներդնելու նոր մոտեցումներ հատկապես արտաքին, պաշտպանական և անվտանգային քաղաքականության ոլորտներում, որոնց իրականացումը պահանջում է ոչ թե անձնավորված և քաղաքականացված ոչ ազնիվ մեղադրանքներ, այլ լուրջ մասնագիտական քննարկումներ և պատասխանատու քաղաքական գործունեություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը