19 12 2018

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Կարասինի հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Կարասինի հայտարարությունը

Հայաստանը մի երկրի հետ երկկողմ հարաբերություններ չի կառուցում ի վնաս մյուս երկրների: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի խոսքերը:

Հիշեցնենք, որ Կարասինը ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը  քաջություն կունենա, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: «Երկրում այս տարի նախատեսված արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը գնալով ավելի անքաղաքավարի է դառնում»,- ասել է նա:

«Ցանկանում ենք հիշեցնել, որ մենք բազմիցս նշել ենք` Հայաստանը հետևողականորեն իր հարաբերություններն է կառուցում այլ երկրների հետ ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք չենք կառուցում մի երկրի հետ հարաբերությունները ի վնաս այլ երկրների: Այդ դիրքորոշումը հետագայում ևս կլինի մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ