Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, նշելով, որ պետք է ձևավորել հզոր ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ։
«Հետևելով Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ գնալով համոզվում եմ, որ պետականության հաստատման և դրա ամրապնդման նպատակով օր առաջ անհրաժեշտ է ձևավորել հզոր ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ։
Այս հրամայականը առավել արդիականություն է ձեռք բերում նախ և առաջ Հայաստանում այս տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների և դրանց արդյունքում ձևավորված իրողությունների համատեքստում։ Փաստացի նոր Սահմանադրության գործարկման արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է մի այնպիսի մեկնարկային դիրքում, երբ քաղաքական կուսակցությունները ամբողջովին պետք է լծվեն ձևավորվելիք և վերափոխման ենթակա քաղաքական համակարգի բովանդակային հագեցման բարդագույն խնդրին։ Բովանդակային հագեցում ասելով նախ և առաջ նկատի ունեմ նոր քաղաքական մշակույթի ձևավորում, նոր կուսակցական համակարգ և կուսակցականության դերակատարման և առաքելության առավել ամրացում և բյուրեղացում։ Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա. կուսակցություններ և քաղաքական ուժեր, որոնք բացարձակապես ձևավորված և ադապտացած են նախորդ քաղաքական համակարգի խաղի կանոններին, որոնք «քաղաքական» կարելի է համարել շատ մեծ վերապահումով։
Անհրաժեշտ է փաստել, որ ներկայիս կուսակցությունների գերակշռող մասի գաղափարական հենքերը շատ հեղհեղուկ են և էպիզոդիկ, եթե չխոսեմ բացառապես իշխանություն դառնալու ձգտման մասին։ Հայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով նվազում է պետության և պետականության ընկալման կարևորությունը, և դրա փոխարեն անընդմեջ շահարկվում և չարչրկվում է «ժողովրդի» գործոնը՝ աստիճանաբար ավելացնելով պոպուլիզմի բաղադրիչը հրապարակային հռետորաբանության մեջ՝ ի հաշիվ պետության և պետականության ամրապնդման բաղադրիչի։ Սա մի ճանապարհ է, որտեղ քաղաքական կոնտենտ ստեղծող գլխավոր սուբյեկտները հարկադրված են լինելու անտեսել արդեն գոյություն ունեցող պետականության և նրա ինստիտուտների կենսական նշանակությունը՝ դրա իրավահաջորդության, քաղաքական իշխանության սահուն և անցնցում փոխանցման, էվոլյուցիոն կայուն զարգացման կարևորագույն առաքելությամբ։
Ցավով պետք է նշեմ, որ մեր կուսակցական համակարգին և մշակույթին հատուկ է լիդերակենտրոնությունը և պսեվդոգաղափարական պատկանելիությունը, որոնք, պետք է խոստովանեմ, հաճախ չեն հաջողում քողարկել այդ լիդերների իշխանատենչությունը.... Ամփոփելով վերոգրյալը և հաշվի առնելով քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցելու իմ որոշումը՝ հայտարարում եմ վերը նշված գաղափարները կիսող և արժևորող համախոհների հետ նոր ցենտրիստական քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը