09 12 2018

Հելսինկյան կոմիտեն մարզերում ընտրախախտումներ է արձանագրել

Հելսինկյան կոմիտեն մարզերում ընտրախախտումներ է արձանագրել

Վանաձոր քաղաքի մի շարք ընտրական տեղամասերում խախտումներ են նկատվել։ Այս մասին ահազանգում են ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակից։

«Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված և հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը», - ասված է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 9-ին  Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի Մասիսի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում: Ներկայացնում ենք Հելսինկյան կոմիտեի արձանագրած խախտումները:

Գյումրու 31/34 ընտրատեղամանում 08:15-ի սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին, ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է «Բարգավաճ Հայաստանի» դիտորդ, սակայն վկայականի վրա նշված էր «Աբովյանի ուսանողական խորհուրդ»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի  դիտորդը պահանջել է հանձնաժողովի  նախագահից, որպեսզի տվյալ փաստը արձանագրվի գրանցամատյանում, սակայն պահանջը մերժվել է: ԿԸՀ-ի կայքից պարզվել է, որ տվյալ կազմակերպության դիտորդների ցանկում այդ անվամբ դիտորդ գրանցված չէ: 

Մասիսի 11/15 ընտրատեղամասում  «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ» կազմակերպությունից ներկա է եղել 2 դիտորդ, կազմվել է արձանագրություն, մեկը դուրս է եկել:

11:41-ին և 13:30-ին հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները ընտրողներին հանձնելու ժամանակ 7-րդ համարի քվեաթերթիկները միշտ դնում են վերևի հատվածում (ԲՀԿ): Արարատի գյուղի Խարբերդ գյուղի (որտեղ գտնվում է նշված տեղամասը) գյուղապետը գտնվում է տեղամասի մուտքի մոտ, իսկ որդին հանդիսանում է ԲՀԿ-ի վստահված անձը: Ընտրողները քվեարկությունից առաջ և հետո մոտենում են նրանց: «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում, փորձել է նկարահանումներ իրականացնել, սակայն թույլ չեն տվել, դիտորդին նաև տեղեկացրել է, թե ինչպես է լսել, որ հանձնաժողովի անդամները միմյանց մեջ պայմանավորվում են, որ ինչ-որ խախտում գտնեն ու «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձին հեռացնեն ընտրատեղամասից:

11/15 ընտատեղամասում  12:45-ի սահմաններում «Մենք» դաշինքի վստահված անձը անընդհատ շրջել է քվեախցիկների միջև: 

Սիսիանի 34/20 ընտրատեղամասում 10:45-ի սահմաններում «Իրավապահ մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից տեղամասում միաժամանակ ներկա և գրանցված է եղել  2 դիտորդ: Ժամը 10:47-ին երկուսն էլ դուրս են եկել: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը առաջարկել է խախտումը արձանագրել, հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։

34/35 ընտրատեղամասում 14։17. Տեղամաս մտավ «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից 2 դիտորդ, փորձեցին գրանցվել, (գրանցվեց միայն մեկը, 2-րդը ներկայացավ որպես դիտորդի «կցորդ»)։ Դիտորդը դիմեց հանձնաժողովի նախագահին՝ խախտումը վերացնելու համար, որից հետո երկուսն էլ հեռացան տեղամասից։

Ճամբարակի 20\33 ընտատեղամասում 08:30-ին Ընտրողների ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գրանցում է ընտրողների անձնագրային տվյալները: Այս մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի դիտարկմանը ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ տեղը կա՝ գրանցում ենք: Հանձնաժողովի նախագահը զանգահարել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից  ասել են, որ  խախտում չկա:

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ ողջ տարածքում իրենց կողմից դիտարկվող 300 ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումները:

Մասնավորապես, Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։

  Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ