14 10 2023

ՀՀ իշխանություններն ընդամենը դիտորդի դերում են․ «Փաստ»

ՀՀ իշխանություններն ընդամենը դիտորդի դերում են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Իրենց կառավարման ողջ ընթացքում գործող իշխանությունները միշտ փորձել են ցույց տալ, թե իրենք բացառիկ են, իրենց օրոք միայն աննախադեպ դրական ցուցանիշներ են գրանցվում։ Մի խոսքով՝ նրանց համար ամեն օր եկեղեցիներում մոմ պիտի վառեն «հպարտ քաղաքացիները»: Կառավարության նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար «աննախադեպ» ցուցանիշներ է հրապարակում։ Դա կարող է վերաբերել գրանցված աշխատատեղերին, ՀԴՄ-ների քանակին, թանգարան այցելություններին և այլ տվյալների։ Նույնիսկ՝ ժամանակին աշխատատեղ հասնելուն: Կարևորն այստեղ հանրությանը թվախեղդ անելն է՝ առանց ցուցանիշների էության մեջ խորանալու, թե որքանով են դրանք արտացոլում իրականությունը կամ իրավիճակի բարելավումը։ Եվ, ահա, «աննախադեպիզմին» գումարվում է ևս մի կարևոր գլուխգովանություն։

Փաշինյանը կառավարության վերջին նիստին հայտարարել է, թե իր գլխավորած կառավարությունը կարողանում է ճգնաժամերը կառավարել, դրա արդյունքում է, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում, և բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին նույնպես ՀՀ-ն կունենա բարձր տնտեսական աճ։ Ինչպես այս հայտարարությանն արձագանքել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ դե երդվի՛... Երևի Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ժողովրդական հայտնի խոսքով՝ եթե ինքդ քեզ չգովես, ուրիշները հաստատ չեն գովի։ Բայց եթե ուրիշները գովեին Փաշինյանի գլխավորած կառավարության աշխատանքը, ավելի ճիշտ՝ եթե գովելի գոնե մի փոքր տեղ լիներ, երևի թե կարիք չէր լինի այսպիսի փիառային ու, ամենակարևորը, կեղծ, մանիպուլ յատիվ գլուխգովանության։

Հա, ի դեպ, համապատասխան վրացական ասացվածքն էլ կա, ասում է՝ ամեն աղվես իր պոչն է գովում։ Իրականում Փաշինյանի գլխավորած կառավարությունը լավագույն դեպքում միայն հանգիստ ժամանակների կամ լավ օրերի կառավարություն կարելի է համարել, այն էլ՝ անսահման մեծ վերապահումով, և բոլորովին անհամատեղելի է ճգնաժամերի հետ։ Եվ դա է պատճառը, որ գրեթե բոլոր ճգնաժամերից՝ ֆինանսականից մինչև առողջապահական, դուրս ենք եկել մեծ կորուստներով: Ընդ որում, դեռ չենք խոսում պատերազմի, անվտանգային խնդիրների, Արցախի մասին... Մյուս կողմից էլ՝ առաջին հերթին արհեստավարժություն է անհրաժեշտ ճգնաժամերը կանխելու համար, որպեսզի գործը չհասնի նման իրավիճակին, բայց Փաշինյանի կառավարության դեպքում նման արհեստավարժության մասին խոսք լինել չի կարող։

Օրինակ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ առաջացած շատ խոր ճգնաժամից ու ցայտնոտային իրավիճակից կարելի էր խուսափել, եթե իշխանությունները պրոֆեսիոնալիզմ դրսևորեին ու հաշվի առնեին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ու փորձը։ Բայց ճգնաժամի կանխմամբ զբաղվելու փոխարեն իշխանությունները սահմանադրական փոփոխությունների քարոզարշավ էին անում՝ հանդիպումներ կազմակերպելով մեծ թվով մարդկանց հետ։ Իսկ Փաշինյանն էլ հայտարարում էր, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի։ Ավելին՝ նա այնքան անլուրջ էր վերաբերվում համավարակին, որ նշում էր, թե «կորոնավիրուսներին հատ - հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք»։ Բայց երբ համավարակի ալիքը ստվարացավ, իշխանություններն արդեն քաղաքացիներին էին մեղադրում, թե հակահամաճարակային կանոնները չեն պահպանում, դրա համար էլ նմանատիպ ծանր վիճակում են։

Ու ընդհանրապես, կառավարության հակահամավարակային միջոցառումներն էլ անկազմակերպ էին ու ոչ հասցեական։ Դրա արդյունքում է, որ, լինելով փոքր բնակչություն ունեցող երկիր, Հայաստանում արձանագրվեց համավարակից մահացության բավական բարձր մակարդակ։ Զուգահեռ համավարակի դեմ միջոցառումների իրականացման համար տրամադրված գումարները շատ դեպքերում մսխվեցին ու վատնվեցին։ Պատահական չէ, որ այս ուղղությամբ չարաշահումների փաստերով տասնյակ քրեական գործեր են հարուցվել։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտի ճգնաժամին, ապա չենք խուսափի նշել, որ ՀՀ իշխանությունները ոչ թե կառավարել են այդ ճգնաժամը, այլև ճանապարհ են բացել այդ ճգնաժամի համար՝ մեծ ծառայություն մատուցելով հակառակորդին։ Փաշինյանն ամեն անգամ կրկնում է, թե իրենց գլխավոր խնդիրը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումն է, բայց անհրաժեշտ ոչինչ չէին ապահովել, ինչի արդյունքում էլ հակառակորդի զինված ուժերը հանգիստ քայլելով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։

Պատերազմից հետո իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, սակայն ամենախոշոր նախաձեռնությունը, որ նրանց հաջողվել է իրականացնել, եռամսյա հավաքների կազմակերպումն է։ Ինչպե՞ս կարելի է խոսել անվտանգային ճգնաժամի կառավարման մասին, երբ, հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերով, Հայաստանը զենք է պատվիրում, նույնիսկ վճարում է դրա համար, բայց սպառազինություններն այդպես էլ Հայաստան չեն հասնում։ Հայաստանի անվտանգային համակարգն ամբողջովին փլուզել են գործող իշխանությունները, բայց Փաշինյանը հայտարարում է, թե անվտանգության ճգնաժամը 2020 թվականին չի ստեղծվել, այն եկել է մեր անկախության հետ միասին։ Այնինչ, փաստը մնում է փաստ, որ նախկինում երբեք հակառակորդն իրեն այդքան լկտի չի պահել, ինչպես եղել է Փաշինյանի կառավարման օրոք, ու չի ներխուժել ՀՀ տարածք, Արցախին էլ չի կարողացել պարտադրել էթնիկ զտումները։

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսական իրադրությանը, ապա Փաշինյանի նշած «աննախադեպությունը» (ինչն իրականում այդպես չէ) կախված է բացառապես արտաքին գործոններից։ Եթե արտաքին աշխարհում իրադարձությունները Հայաստանի տնտեսության համար դրական ազդակներ ուղարկեն, ապա տնտեսական աճ կունենանք, իսկ եթե բացասական ազդակներ ուղարկեն, ՀՀ տնտեսությունն անկում կապրի։ Բազմաթիվ մասնագետներ փաստում են, որ հիմա էլ ՀՀ տնտեսության մեջ գրանցվող աճի ցուցանիշները հիմնականում պայմանավորված են տարբեր աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցությամբ։ Իսկ ՀՀ իշխանություններն ընդամենը դիտորդի դերում են։ Եթե հակառակը լիներ, ապա իշխանություններին կհաջողվեր կապիտալիզացնել անցյալ տարվա տնտեսական աճը՝ ՀՀ տնտեսական ներուժը մեծացնելու, արտադրական հնարավորություններ ստեղծելու ու արտահանումը խթանելու ուղղությամբ։

Բայց նրանք մատը մատին չեն տվել, ու դրա արդյունքում է, որ ինչ արագությամբ դրսից կապիտալ է մուտք գործում Հայաստան, այնպիսի արագությամբ էլ այդ կապիտալը կարող է արտահոսել։ Վերջին շրջանում դրամի կտրուկ ու անհասկանալի արժեզրկումը հենց դրա մասին է վկայում։ Այնպես որ, եթե ՀՀ իշխանությունները շատ են ցանկանում պարծենալ, ապա կարող են միայն մեկ հարցում պարծենալ, թե ինչպես կարելի է արդյունքում խորացնել ճգնաժամերը, ավիրել անվտանգային ողջ համակարգը, քանդել այն ամենը, ինչին ձեռք են տվել, պարտվել պատերազմում, լինել հազարավոր զոհերի, տարածքային կորուստների պատճառ, շարունակել զիջել թշնամուն և, միևնույն ժամանակ, շարունակել պաշտոնավարել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ