04 12 2018

Ո՞վ է ձեզ իրավունք տվել հայ ժողովրդին սև ու սպիտակի բաժանելու. Արսեն Համբարձումյան

Ո՞վ է ձեզ իրավունք տվել հայ ժողովրդին սև ու սպիտակի բաժանելու. Արսեն Համբարձումյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի խոսքով՝ առաջիկայում կայանալիք` Ազգային ժողովի ընտրություններն իրապես կարևոր են` Հայաստանի զարգացման հեռանկարի առումով: Դրանք կարևոր ընտրություններ են, քանի որ, ըստ նրա, մենք գտնվում ենք մի կարևոր ճամփաբաժանի առաջ: Այս մասին նա նշել է ՀՅԴ հանրահավաքին։

Համբարձումյանը նշեց, որ մեծ հույս է արթնացել ժողովրդի մոտ, և ժողովուրդը միահամուռ կերպով արդեն իսկ մերժել է կոռուպցիան, թալանը, ամբարտավան կեցվածքը, զոռբայությունը` այն բոլոր երևույթները, որոնց դեմ տարիներով պայքար է մղվել: Այսօր, ըստ նրա, բեկումնային փոփոխություններ կատարելու մեծ հույս կա, սակայն, միաժամանակ, կա նաև անորոշություն:

«Հստակ չէ, թե ինչ ծրագրերով, կադրերով ու ինչ քաղաքականությամբ է դա հնարավոր իրականացնել: Միտումնավոր կերպով փորձ է արվում շրջանցել այս կարևորագույն հարցերը և քարոզարշավը մղել սև-սպիտակի դաշտ: Ինչքա՞ն կարելի է տառապել քաղաքական դալտոնիզմով: Ո՞վ է ձեզ իրավունք տվել հայ ժողովրդին սև ու սպիտակի բաժանելու: Մեզ մոտ համոզմունք է ձևավորվել, որ, ինչպես Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էր, քաղաքական պայքարը միտումնավոր է տարվուն սև ու սպիտակի դաշտ, բովանդակազրկվում է քարոզարշավը, քանի որ օրակարգում գտնվող հիմնական հարցերը հստակ պատասխան չունեն»,- ասաց Համբարձումյանը:

Նա նշեց նաև, որ անցյալի էջը մեկընդմիշտ փակելու ու նոր փաթեթավորմամբ անցյալին վերադարձը բացառելու համար նախ անհրաժեշտ է հրաժարվել չարիքի արմատներից: Ըստ Համբարձումյանի` խոսքը քաղաքական մենիշխանության և ազգային ներուժի պառակտման մասին է: «Ցանկացած մենիշխանության պետք է ասել վճռական ոչ: Հստակ պետք է արձանագրել, որ ազգային ներուժի պառակտման ցանկացած փորձ պետք է մերժվի: Սակայն, միայն այս պատճառները վերացնելով, հնարավոր չէ առաջընթաց ունենալ, շատ կարևոր է` ինչ ենք ուզում անել»,- ասաց Համբարձումյանը:

Նա համառոտ ներկայացրեց Դաշնակցության անելիքները` նշելով, որ իրենք համոզված կողմնակիցն են, որ պետությունը պետք է ստանձնի ամբողջովին նոր դերակատարություն սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ: Համբարձումյանի հավաստմամբ` պետությունը չի կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել. ազատ շուկայի միջոցով մեր երկրում կուտակված հարցերը լուծումներ չեն ստանալու: «Պետությունը չի կարող լինել դիտորդի կարգավիճակում, չի կարող ունենալ կրավորական կեցվածք: Պետությունը պետք է գործուն մասնակցություն ունենա թե՛ տնտեսական զարգացման, թե՛ ազգային արդյունքի արդար վերաբաշխման ուղղությամբ: Մենք սոցիալական արդարության համոզված կողմնակիցն ենք, քանի որ ունենք ազգային պայքար, որը ենթադրում է ազգային համերաշխություն: Միայն սոցիալապես արդար հասարակությունը կարող է լինել համերաշխ, միայն համերաշխ հասարակությունը կարող է կերտել ուժեղ պետություն: Սա մեր համոզումն է, և սրանք խոսքեր չեն, այլ կոնկրետ ծրագրեր, որոնք Դաշնակցությունը պատրաստվում է իրականացնել»,- ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով` Դաշնակցությունն ազգային ուժ է, Դաշնակցությունն ունի մեկ տեր` հայությունը. այնտեղ, ուր կա հայ հավաքականություն, այնտեղ ներկա է Դաշնակցությունը, այնտեղ, որտեղ մեր ազգային արժեքներին վտանգ է սպառնում, այնտեղ ներկա է Դաշնակցությունը:

«Սիրելի' ժողովուրդ, մենք քո Դաշնակցությունն ենք, մենք հավատարիմ ենք մեր հողին և մեր ժողովրդին: Այդպես եղել է, այդպես կա ու այդպես կլինի»,- խոսքն ամփոփեց Համբարձումյանը:

ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Արցախյան հիմնահարցը բերվել քարոզարշավի կիզակետ, լրագրողների հետ զրույցում նշեց․ «Արցախի հարցը միշտ էլ բոլոր քաղաքական ուժերի օրակարգում է եղել, բայց քարոզարշավի ժամանակ հարցը սրվեց, քանի որ երկու հայտարարություն արվեց, որն ուղղակի ապշեցրեց մարդկանց»։

Նա նշեց, որ խոսքը նախ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին էր, թե ապրիլյան հաղթանակն ավելի կարևոր էր, քան ազատամարտը: Սա, Ռուստամյանի խոսքով, անհեթեթություն է: «Ինչպե՞ս կարելի է ազատամարտն անցած մարդը նման հայտարարություն անել: Մյուս հայտարարությունն էլ Փաշինյանն արեց` ասելով, որ, իր զավակից բացի, նախորդ ղեկավարներից որևէ մեկի զավակը չի ծառայել Հայոց բանակում: Մարդիկ էլ սկսեցին պարզաբանել, որ, ոչ, մեր զավակները ծառայել են: Սա դարձավ միջոց, որպեսզի Փաշինյանը հարձակվի նաև այս մարդկանց վրա, թե` ո՞նց եք դուք համարձակվում իմ ասածները հակաճառել: Այսինքն` մյուսներն իրավունք չունե՞ն ասելու, որ` իմ զավակները ծառայել են բանակում, և եթե ասում են, ստացվում է` դուրս են գալիս Փաշինյանի դե՞մ»,- ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե ո՞ւմ տղաներն են ծառայել Հայոց բանակում, Ռուստամյանը պատասխանեց, որ նախորդ բոլոր նախագահներն արդեն հայտարարել են, որ իրենց տղաները ծառայել են: «Հիմա ինչպե՞ս կարելի է հայտարարել` միայն իմ որդին է ծառայում: Բռավո: Փառք ու պատիվ, որ Ձեր որդին ծառայում է, բայց պետք չէ այդ մասին անընդհատ կրկնել»,- ասաց նա:

Անդրադառնալով Հրանտ Մարգարյանի հայտարարությանը` Ռուստամյանը նշեց, որ ոչ թե պետք է իմանանք, թե ինչ է մեզ առաջարկվում, դա մեզ ընդունելի կլինի՞, թե՞ ոչ, ու նոր գանք ժողովրդին հարցնենք` ուզո՞ւմ եք այս ճանապարհով գնանք, այլ պետք է հստակ գիտակցենք, որ ժողովուրդն արդեն ասել է, թե ինչ է ուզում: «Արցախի ժողովուրդն իր հանրաքվեով` 175-րդ հոդվածով, ասել է` ինչպես է պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Հրանտ Մարգարյանն էլ սա է ասում, որ հստակ են սահմանները, հստակ է` ինչ պետք է անենք Ղարաբաղի հարցի լուծման առումով, որպեսզի բավարարենք ժողովրդի կամքը: Այդ կամքն արդեն հայտնի է` այդ կամքով առաջնորդելո՞ւ եք, թե՞ ոչ, այս մասին պետք է խոսել»,- ասաց Ռուստամյանը:

Դիտարկմանը, թե Փաշինյանը միայն ասում էր, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, Ռուստամյանն արձագանքեց` իսկ դրան ո՞վ է դեմ: «Փաշինյանի հետ Ղարաբաղի շուրջ խոսակցությունը, որ տարել ենք սկզբում, ընդգրկել է 5 կետ, որոնցից մեկն էլ եղել է Ղարաբաղը բանակցային դաշտ բերելը: Այդտեղ իսկապես գոհացնող պատասխաններ ենք լսել Փաշինյանից, և դրան վերաբերվել ենք, որ պետք է առաջնորդվենք հենց այնպես, ինչպես Ղարաբաղի ժողովուրդն է որոշել: Բացի այդ` պետք է ամեն ինչ անել` բանակցություններն իրական դարձնելու համար, որպեսզի դրանց մասնակցի Ղարաբաղը դրանց: Այս հարցում մենք որևէ խնդիր չունենք»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` քայլերը, որոնք ստվեր են գցում ազատամարտի վրա, առաջացնում ջղաձիգ շարժումներ, երբ մարդիկ ուզում են պաշտպանել ազատամարտը, մտահոգում են իրենց: Ըստ նրա` չի կարելի այդպես հարձակվել այն մարդկանց վրա, որոնք ազատամարտով անցել են ու, բնականաբար, պաշտպանում են ազատամարտը:

Մեկ այլ հարցի, թե Փաշինյանն ասում է, որ նրանք են դավաճանները, ովքեր հայտարարում են, որ ինքը պատրաստվում է հող հանձնել, արդյո՞ք Ռուստամյանը Փաշինյանի ելույթներում տեսնում է  հող հանձնելու շեշտադրումներ, ՀՅԴ պատգամավորի թեկնածուն ասաց, որ իրենք կոնկրետ որևէ մեկին անձնական կասկածանք չեն հայտնել: «Մենք ասել ենք, որ կա վտանգ, որը մեզ սպասվում է: Արցախի հետ կապված սպասվում են զարգացումներ: Իրավունք չունե՞նք խոսելու այդ վտանգների մասին, և դա նշանակո՞ւմ է ինչ-որ մեկին կասկածել»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ