03 12 2018

Տեղի է ունեցել լոկ վարչախմբի փոփոխություն, եթե չասեմ` մարդափոխություն. Ռուստամյան

Տեղի է ունեցել լոկ վարչախմբի փոփոխություն, եթե չասեմ` մարդափոխություն. Ռուստամյան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազն Արամ Հարությունյանինկալանավորելու համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել ԱԺ: Ազգային ժողովի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:

ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Դաշնակցությունը ներկա լինելու է նիստին, չնայած կար նախապես պայմանավորվածություն, որ այս օրերին նիստեր չեն անելու:

Ռուստամյանի խոսքով` այս ամենը նախընտրական տրամադրությունների մեջ կատարվող բեմականացում է հիշեցնում, քանի որ եթե մի քանի օր սպասեին, Արամ Հարությունյանն այլևս պատգամավոր չէր լինելու: «Իզուր կտրել բոլորին, մանավանդ` առանց այն էլ կարճ ժամանակ է տրված բոլոր ուժերին նախընտրական քարոզչության համար, այստեղ տրամաբանություն չեմ տեսնում: Կարծում եմ` շատ սխալ քայլ է կատարվել, քանի որ նպատակի իմաստով անտրամաբանական ու անիմաստ է` օրեր անց Հարությունյանն  այլևս պատգամավոր չէր լինելու: Բացի այդ` 4 ուժերով մենք ստորագրել էին մի համաձայնագիր, որ այս օրերին ԱԺ նիստերին չենք մասնակցելու: Հիմա բոլոր ուժերն էլ լեգիտիմ իրավունք ունեն չմասնացելու վաղվա կայանալիք նիստին»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով` ամենայն հավանականությամբ` այդ նիստը տեղի չի էլ ունենա: Ռուստամյանի գնահատմամբ` սա նախընտրական քարոզչության մեջ է օգտագործվելու, իբրև թե` տեսեք, մյուս ուժերը չեն եկել նիստին, քանի որ չեն ուզում կոռուպցիայի դեմ պայքար մղվի կամ կալանավորվեն մարդիկ, որոնք կոռուպցիոն հետապնդումների տակ են: Ռուստամյանը պարզաբանեց` որպեսզի նման շահարկումների տեղիք չտան, ՀՅԴ պատգամավորները վաղը ներկա լինելու են նիստին:

Հարցին, թե ինչպես են դաշնակցական պատգամավորները քվեարկելու` Ռուստամյանը պատասխանեց, որ նախ կլսեն փաստերը.«Մենք երբեք չենք քվերակել արդարադատությանը հակառակ: Մենք այն կուսակցությունն ենք եղել, որ վաղուց կողմ ենք եղել իմունիտետի սահմանափակմանը և միշտ ասել ենք, որ ԱԺ պատգամավորը չպետք է ունենա անձեռնմխելիություն` կապված այլ գործողությունների հետ, և միայն իր լիազորությունների բխող դաշտիում այն պետք է լինի` ինչպես միջազգային պրակտիկայում է»:

Ռուստամյանը նշեց, որ այս ամենի մեջ ինքը միտում է տեսնում` իշխող ուժի քարոզչությանը նպաստելու առումով: Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կա մեկը, ում դեմ գործ է հարուցվելու ու սպասում են նամակի: Ռուստամյանի խոսքով` այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի քանի ամիս կարողացել են սպասել այդ նամակին, սակայն մի քանի օր չեն կարողացել սպասել, որ Արամ Մանուկյանն այլևս դադարի պատգամավոր լինել:

Ռուստամյանը նաև նշեց․ «Հայաստանում տեղի է ունեցել լոկ վարչախմբի փոփոխություն, եթե չասեմ` մարդափոխություն։

Նրա խոսքով՝ Դաշնակցությունն ընտրություններին մասնակցում է հստակ գիտակցությամբ, որ այս ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու: Ըստ Ռուստամյանի`այս տարի կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ. ժողովրդական շարժման միջոցով հնարավոր եղավ երկրի համար նոր հեռանկար բացել:

«Այն, ինչ կատարվեց հետո, սակայն, մեր գնահատմամբ` լոկ վարչախմբի փոփոխություն է, եթե չասեմ` մարդափոխություն է: Հեղափոխությունը դեռ առջևում է, հեղափոխությունը կլինի լիարժեք, երբ յուրաքանչյուրիս տանը զգանք դրա դրական պտուղները, երբ հասկանանք` ձևավորվել է մի իշխանություն, որ շատ պարզ գիտակցում է թե մեր արտաքին, թե ներքին վտանգները, մարտահրավերները և դրա համար ունի ուժ, կարողություն և հստակ ծրագրեր, որ այդ իրավիճակից դուրս բերի մեր երկիրը: Հեղափոխությունը տեղի կունենա այս ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների կողմից»,-ասել է Ռուստամյանը:

Ըստ նրա` այն պայմաններով, որն ունենք այսօր, հայտարարել, թե 2019-ին մենք ծայրահեղ աղքատներ չենք ունենալու, Դաշնակցությանը ՝որպես սոցիալիստական կուսակցության, անընդունելի է: Ռուստամյանի խոսքով` Հայաստանում չպետք է լինեն մարդիկ, որոնց եկամուտը 70-80 000 դրամից քիչ կարող է լինել, և հենց դրա համար էլ Դաշնակցությունն առաջադրել է իր թեկնածությունը, որպեսզի խնդիրներն առաջ քաշվեն ու դրանց լուծում տրվեն:

Ռուստամյանի հավաստմամբ` միայն ներքին համերաշխության շնորհիվ կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին.«Օր օրի սահմանին կուտակումներ ենք տեսնում, և մենք ուրիշ ռեսուրս չունենք, քան` մեկս մյուսով հզորանալը, ողջ հայության ներուժն օգտագործելը, կազմակերպելը: Սփյուռք-Արցախ-Հայաստան եռամիսությունը պետք է պահպանվի, և հռետորաբանությունից, որը դա քանդելու ուղղությամբ է, օր առաջ պետք է ազատվել: Այս քարոզարշավը կավարտվի, այս ամենը կմոռացվի, բայց մարտահրավերները` ներքին և արտաքին, չեն վերանալու: Դրա համար էլ պետք է ընտրել այն քաղաքական ուժին, որը գիտի` ինչպես վարվի նման պարագաներում, ինչ խնդիրներ կան մեր առջև կանգնած և դրանց համապատասխան էլ ծրագրով է ներկայացել»:

Դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարել էր, որ որոշ մարդկանց սադրիչ քաղաքական հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն և ռազմական հակահետախուզությունը։

Լրագրողներն Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք նման քայլերով ստացվում է, որ իրավապահ մարմինները ծառայություններ են մատուցում Փաշինյանին, չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը չի խառնվում իրավապահների գործերին:

Ի պատասխան Ռուստամյանը նշեց, որ ինքը Փաշինյանի հայտարարության հակառակն է տեսնում.«Երևանի ավագանու ընտրություններից, երևում է, մենք դասեր չքաղեցինք: Երբ ասացինք` դուք որպես ո՞վ էիք հանդես գալիս, երբ հանրահավաքի հարթակից ասում էիք մարդկանց պետք է փռել ասֆալտին: Պարզվում է` այդ դիտողության ուշադրություն չդարձնելով` հիմա էլ ԱԱԾ-ին, ռազմական հակահետախուզությանը, որպեսզի գործ սկսեն ու դավաճաններ գտնեն: Այս իբրև թե կան մի խումբ մարդիկ, որոնք դավաճանության ճանապարհն են ընտրել»

Հարցին, թե արդյո՞ք Փաշինյանը նաև դաշնակցականներին է նկատի ունեցել` Ռուստամյանը պատասխանեց, որ եթե իրենց նկատի չի ունեցել Փաշինյանը, ուրեմն` պետք է հասցեավորված իր հայտարարությունն անի: «Այս անհասցե մեղադրանքները տեռորի մթնոլորտ է առաջացնում, մի վիճակ, որտեղ անհավասար պայմանների մասին կարելի է խոսել, ինչպես նաև վարչական ռեսուրսի չարաշահման մասին: Ես դեժավյու եմ ապրում. 90-ականներին ես հետապնդվել եմ հայրենիքին դավաճանելու հոդվածով: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռագիրն է: Ինձ էլ այն տարիներին բռնեցին, տարան, ոչ ոք չկարողացավ դա ապացուցել ու երեք մահապատիժ էին դրել ինձ վրա»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով` ազատամարտիկների մեջ չի կարելի հայրենիքի դավաճաններ փնտրել: Ռուստամյանը նշում է, որ ազատամարտիկներին շնորհակալություն հայտնելու, նրանց պայմանները բարելավվելու փոխարեն, այսօր ուղղակի-անուղղակի սկսում են նրանց մեղադրանքներ ներկայացնել: «Ինչպես կարելի է ասել` թալան է եղել, այս է եղել, այն է եղել: Հասկացանք: Թալանչիներին բռնեք, բայց ամբողջ բանակը դնել կասկածի տակ, սխալ է, և սրա մասին է ասում Հրանտ Մարգարյանը` կոնկրետ անձանց մասին խոսեք, թե թալանչիներն ովքեր են: Գնացեք թալանչիների ձեռքերը բռնեք, մենք էլ ձեզ հետ պատժենք այդ մարդկանց: Մինչ այս շատ ընդհանուր է խոսվում, թող կոնկրետ մարդկանց անուններ տան»,-ասաց Ռուստամյանը:

Նկատառմանը, թե, օրինակ, Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցված, Ռուստամյանը պատասխանեց, որ, այո, դրա համար էլ Գրիգորյանի համար բոլորն էլ գնացել ու քվերակել են ԱԺ-ում: «Երբ կոնկրետ անուններ չեք տալիս ու ընդհանրացնում եք, բանակի վրա ստվեր եք գցում: Մի՞թե դա պարզ չի: Դուրս է գալիս, որ ընդհանուր բոլորս բոլորիս պետք է կասկածենք: Բայց չէ՞ որ բանակում կան մարդիկ, որ թալանչիների հետ ոչ միայն կապ չունեն, այլ իրենց կյանքն են նվիրել հայրենիքի համար, ու հիմա էլ կան մարդիկ, որ կանգնած մեր սահմաններն են հսկում»,-ասաց Ռուստամյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ