17 11 2018

ՀԱՊԿ-ում հարցը կորոշվի՝ բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով․ Սեմերիկով

ՀԱՊԿ-ում հարցը կորոշվի՝ բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով․ Սեմերիկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է կազմակերպության քարտուղարության նոր ղեկավարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը:

«Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած քննարկման արդյունքում մի քանի մոտեցում կա, այդ թվում և Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ նախատեսված ռոտացիոն սկզբունքի կիրառումը՝ ըստ ռուսական այբուբենի (այդ դեպքում հաջորդ երկիրը Բելառուսն է):

Հենց այդ սկզբունքի մասին է ասել Ղազախստանի նախագահն՝ ամփոփելով Աստանայում կայացած քննարկման արդյունքները: Մյուս դիրքորոշումը մինչև եռամյա ժամկետի ավարտը Հայաստանի ներկայացուցչին նշանակելն է: Շատ երկրներ հարցականի տակ են դնում այդ քայլի արդյունավետությունը», - նշվում է Սեմերիկովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Վալերի Սեմերիկովը հավելել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը կշարունակի այս հարցի դիտարկումը կառուցողական փոխհամագործակցության և դաշնակցության ոգով:

«Միևնույն ժամանակ ցանկանում եմ հատկապես շեշտել, որ որոշումն ամեն դեպքում կընդունվի ՀԱՊԿ վեց անդամ երկրի ձևաչափում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա ընդգծել է, որ Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի ավարտին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամները կշարունակեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ