12 11 2018

Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ համալրումների, Նախիջևանի դեպքերի, Ադրբեջանի հետ օպերատիվ կապի մասին



Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով: Նա պատասխանեց լրագրողների հարցերին և անդրադարձավ պաշտպանական ոլորտի մի շարք կարևոր հարցերի:

Խոսելով Խնձորեսկի ճանապարհին տեղի ունեցած դժբախտ պատահարից, որի հետևանքում 4 զինծառայող զոհվեց, նա նշեց, որ մեքենաների ավտոպարկը փոփոխվում է` ըստ հնարավորությունների, մատակարարումների ժամկետների մեջ, և առաջնահերթությունը` անձնակազմի տեղափոխումները, ապահովման ծառայությունների ուշադրության կենտրոնում են:

Տոնոյանն անդրադարձավ նաև Նախիջևանում տեղի ունեցող վերջին դեպքերին: Նա, մասնավորապես ասաց, որ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն ազատագրել: Դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է, ընդ որում, Նախիջևանի տարածքում, որտեղ երբևիցե ՀՀ զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել:

Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև զենքի համալրման մասին: Նա նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չունի, բայց առկա է այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է ու մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված:

Նա տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ 100 մլն վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքված են, այժմ ընթանում են որոշ բանակցություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ