02 10 2018

Արձագանք՝ վարչապետի սպառնալիքներին

Արձագանք՝ վարչապետի սպառնալիքներին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՅԴ-ն «վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժամադրություն չի ստացել՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար»։

Նրա խոսքով՝ իրենք միշտ ասել են ու շարունակում են մնալ այն տեսակետին, որ իրենք կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեմ են դրանց անհապաղ անցկացմանը: «Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»,- ասաց Ռուստամյանը։

Ըստ պատգամավորի` նախքան արտահերթ ընտրությունների գնալը անհրաժեշտ է կատարել երեք կարևոր քայլ: «Առաջին կարևոր քայլն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, ոչ թե հնով, որում առկա է ռեյտինգային համակարգը։

Երկրորդ խնդիրը ոստիկանության դերակատարությունն է: Կառավարության ծրագրում և ընտրական բարեփոխումներում նախատեսվում է լուրջ դերակատարություն վերապահել ոստիկանությանը: Եթե դա այդպես է, ապա օր առաջ պետք է փոխվի ոստիկանության ենթակայության հարցը, նրա չեզոքության հարցը պետք է ապահովել, քանի որ այսօր ոստիկանությունն ուղիղ ենթակա է վարչապետին: Ոստիկանության վերահսկողությունը պետք է վերապահվի Ազգային ժողովին, ստեղծվի ներքին գործերի նախարարություն:

Երրորդ քայլը ժամանակն է, որն անհրաժեշտ է այս փոփոխություններն իրագործելու համար: Քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն այդ փոփոխություններին, ժամկետի հաշվարկ պետք է արվի, հետո նշանակվեն ընտրություններ: Եվ սահմանադրական նորմով, որն այսօր կա, երկու անգամ վարչապետի չընտրվելու պարագայում խորհրդարանի լուծարումը, այդ պրոցեսները պետք է այնպես տարվեն, որ ժամկետների առումով մեզ համար ընդունելի օրը կատարվեն արտահերթ ընտրություններ»,- բացատրեց Ռուստամյանը:

Ըստ պատգամավորի` այս ամենից ելնելով` 1 տարուց ոչ շուտ ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, բոլոր խնդիրները լուծվեն: Նա նշեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները չի կարելի հիմք համարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի արագ անցկացնելու համար: «Ըստ էության` ոչ թե եղել է ավագանու ընտրություն, այլ եղել է հանրաքվե, այն էլ` լոկալ հանրաքվե, բառիս բուն իմաստով. անցկացվել է միայն Երևանում: Մենք, ճիշտն ասած, չենք իմացել, որ մասնակցում ենք հանրաքվեի, մենք իմացել ենք, թե մասնակցում ենք ավագանու ընտրություններին: Բայց եթե այդպես է դիտարկվում, որ հանրաքվեի է դրվել մի հարց՝ ժողովուրդն ուզում է ԱԺ-ն լուծարվի, թե՝ ոչ, կարծում եմ, որ այդ պարագայում հանրաքվեի արդյունքները ճիշտ չեն ներկայացվում, սխալ են ամփոփվել, որովհետև ոչ թե 82 տոկոսն է ուզում, այլ 100 տոկոսը: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են այդ հանրաքվեին, դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, ըստ այդմ՝ նաև ԱԺ-ի լուծարմանը: Այսինքն՝ մյուսների ձայներն էլ պետք է գումարվեն դրան»,- եզրափակեց Ռուստամյանը։

Ռուստամյանը նաև հաղորդեց, որ ՀՀԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները քննարկում են անցկացրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ խորհրդարանից: Ըստ նրա՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ քննարկել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ու քննարկված թեմաների վերաբերյալ հարցեր: «Մեր երեք ուժերը նորից հարվածի տակ են, իզուր տեղը մեզ նորից բաժանում են հեղափոխականների և հակահեղափոխականների: Այս ձևով գնալ ընտրությունների… ո՞ւմ է պետք էս ձևի ընտրությունը: Նույնը արեցին ավագանու ընտրություններին, բաժանել սևի ու սպիտակի, հիմա էլ՝ ընտրություններն անենք նոյեմբեր-դեկտեմբերին, ուրեմն ուզում են նույն տրամաբանությամբ շարունակել: Նորից դառնալու է այն, որ այստեղ բոլորը սև են, ովքեր դեմ են վարչապետի հայտարարություններին և առաջարկներին: Եթե այդպիսի երկիր ենք ուզում, ես այդպիսի երկիր չեմ ուզում»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ նաև հայտարարելով, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագծին:

Ինչ վերաբերում է հարցին, որ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ով դեմ լինի՝ հակահեղափոխական է, Ռուստամյանն ասաց․ «Եթե պատգամավորներին խոչընդոտելու պահանջը պետք է լինի հակահեղափոխություն, Սահմանադրությունը պաշտպանելը պետք է լինի հակահեղափոխություն, ուրեմն ես հակահեղափոխական եմ»։

Ռուստամյանը նաև շեշտեց, որ խորհրդարանի լուծարումը պետք է լինի իրավունքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով, քանի որ միշտ էլ ուժեղից ավելի ուժեղն է լինում: «Հեղափոխությունը չի կարող Սահմանադրությունը ոտնատակ տալ, վերջում պարզվելու է, որ մենք ենք հեղափոխության սատարողները, այլ ոչ թե հեղափոխություն գոռացողները»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ