ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալիս իրեն լսող համաշխարհային առաջնորդներին և դիվանագետներին ստիպել է ծիծաղել։ Այս մասին հայտնել է The Guardian-ը։
Ինչպես նշվում է, պատճառը Թրամփի պարծենկոտ հայտարարությունն է եղել։ Տեղի ունեցածի տեսանյութն արդեն հրապարակվել է համացանցում։
Եույթի ժամանակ Թրամփն անդրադարձել է Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, ԵՄ-ի, Վենեսուելայի, Սիրիայի և Իրանի հետ հարաբերություններին, սակայն ներկաների ծիծաղի առիթ է դարձել մեկ այլ հայտարարություն։ Դոնալդ Թրամփն իր ելույթում ասել է՝ ինքն ու իր վարչակազմն ավելի շատ գործ են արել, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ: «Երկու տարուց էլ քիչ ժամանակում ես և իմ վարչակազմն ավելի շատ գործ ենք արել, քան ԱՄՆ պատմության մեջ որևէ այլ նախագահ, և դա ճիշտ է»,-նշել է Թրամփը:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ երբ ներկաները սկսել են ծիծաղել, ԱՄՆ նախագահը դադար է տվել և խոստովանել, որ նման արձագանքի չէր սպասում: «Ես, իհարկե, նման արձագանք չէի սպասում, բայց դա նորմալ է»,- ասել է նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը