«Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, ով 4/8 ընտրատեղամաս էր եկել կրտսեր դստեր հետ, լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Երևանի խնդիրներն ու լուծումները չեն հարցնում ո՛ չ մեծ, ո՛չ փոքր, ո՛չ սև, ո՛չ սպիտակ։
Զարուհի Փոստանջյանն այսպես գնահատեց քարոզարշավը. «Կարելի է ասել և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ, որովհետև մենք կարող էինք ներկայացնել՝ ինչպիսին են մեր ազգային պատկերացումները Երևանն այս անմխիթար վիճակից դուրս բերելու վերաբերյալ: Մինչդեռ, միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցին, և բավականին ժամանակ դրան տրամադրվեց, իսկ մենք խնդիր ունենք այսօր թե՛ ազգային միասնության, թե՛ ազգային կոնսոլիդացիայի՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Երևանը փորձադաշտ չէ, որպեսզի չափենք ուժերն այդ տեսանկյունից, այսինքն` միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից: Երևանը չի հարցնում ո՛չ մեծ, ո՛չ փոքր, ո՛չ սև, ո՛չ մանուկ, ո՛չ այս , ո՛չ այլ կուսակցության ներկայացուցիչ, ո՛չ սև, ո՛չ սպիտակ: Այս թունավոր օդը շնչում ենք բոլորս, և Երևանն ասում է, որ մենք բոլորս պետք է գործողություններ կատարենք»։
Հարցին, որ սրանք Հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, Փոստանջյանը նշեց, որ հեղափոխություն տեղի չի ունեցել, բայց ամենակարևորն այն է, որ այսօրվա գործող իշխանությունը, պարտականությունը, որ ստանձնել է նա, անցկացնելն է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ սա իշխանությունների քննությունն է, ոչ թե մեր պայքարն ընտրակեղծարարության դեմ: «Իշխանությունը ստանձնողները հենց դա են պարտավորվել, և, հետևաբար, մենք սպասում ենք, թե ինչպես են իշխանությունները հանձնելու քննությունները, որովհետև իր ձեռքում են այն լծակները, որոնցով պետք է կանխվեն կեղծարարությունն ու ապօրինությունները»,-ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը