05 09 2018

Ադրբեջանի ԱԳՆ-ն Բիլզերյանի Արցախ այցի հարցով բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

Ադրբեջանի ԱԳՆ-ն Բիլզերյանի Արցախ այցի հարցով բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Բաքվում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին: Այս մասին հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, գրում է Интерфакс-Азербайджан-ը։

Գիլը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրված բողոքի նոտան՝ կապված համացանցի հայազգի աստղ Դեն Բիլզերյանի Արցախ կատարած այցի հետ։

Բաքուն ընդգծել է, որ Բիլզերյանն Արցախ է մեկնել Հայաստանի տարածքով՝ «խախտելով  Ադրբեջանի միգրացիոն օրենսդրությունը», «Ադրբեջանի Հանչապետության պետական սահմանի մասին» օրենքը, չի ներկայացրել համապատասխան փաստաթղթերը։ Բացի այդ, նա հրազեն է ձեռք բերել և ցուցադրական կրակ բացել դրանից։

Հաջիևի խոսքով՝ Բիլզերյանի «անպատշաճ» հայտարարություններն Ադրբեջանի հասցեին «դիպչում են ադրբեջանցիների արժանապատվությանը» և «հակասում ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների ոգուն»։

Նա նշել է, որ Գիլին տեղեկացրել են քրեական գործ հարուցելու մասին։ Ադրբեջանական կողմը սպասում է, որ  ԱՄՆ կառավարությունը լուրջ կվերաբերվի պաշտոնական Բաքվի անհանգստություններին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ