01 09 2018

Պատրաստ ենք փոխանցել Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքում նշված գումարը. Արայիկ Հարությունյան

Պատրաստ ենք փոխանցել Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքում նշված գումարը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ընկերները հայտարարություն են տարածել «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ նշելով, որ պատրաստակամ են դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը։

«Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։

Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ ևս գործելու է հանուն Արցախի անվտանգության և հայ զինվորի ու սահմանապահի մարտունակության»,-ասվում է տարածված հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել  «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ