01 09 2018

54 մլն դրամի հափշտակություն՝ «Մարտիկ» հիմնադրամից․ մեղադրանք է առաջադրվել Արթուր Աղաբեկյանին

54 մլն դրամի հափշտակություն՝ «Մարտիկ» հիմնադրամից․ մեղադրանք է առաջադրվել Արթուր Աղաբեկյանին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման դեպքեր են բացահայտվել  «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։

«Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա, 2018 թվականի հուլիս ամսին։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։

Արդյունքում պարզվել է, որ «Մարտիկ» հիմնադրամն ստեղծվել է 2002թ., որի կանոնադրային նպատակներն են հանդիսացել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանն աջակցելը, իսկ խնդիրներն են հանդիսացել կազմակերպչական, կրթական, բարեգործական, քարոզչական և այլ ծրագրերի մշակումն ու  իրականացումը, գիտնական զինվորականների, դասախոսների և ուսանողների պատրաստման և վերապատրաստման, արտերկրում կազմակերպվող գիտաժողովների և այլ ծրագրերի՝ նրանց մասնակցության ֆինանսական օժանդակությունը, շնորհալի ուսանողների կրթաթոշակների հիմնումը և վճարումը:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ։  Մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ  են ուղղվել տարբեր անձանց համար ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող տրանսպորտային միջոցների համար պրեմիում տեսակի բենզին ձեռք բերելու, տարբեր անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար։ Առերեւույթ չարաշահումներն արձանագրվել են 2012-2016թթ. ընթացքում, որոնց հետևանքով՝  վատնման եղանակով հիմնադրամին պատկանող միջոցներից հափշտակվել է, նախնական գնահատականով,  54.083.860 մլն ՀՀ դրամ։

Քրեական գործով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսացել Արթուր Աղաբեկյանը, ով ունեցել է հիմնադրամի աշխատակազմի գործունեությունն անմիջականորեն ղեկավարելու իրավասություն և փաստացի միանձնյա տնօրինել հիմնադրամի գույքը։ Բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել են այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ օգոստոսի 29-ին Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի ուշ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանը, ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեղադրանքը չի ընդունում։

«Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը։

Թե՛ բարեգործական, թե՛ ռազմահայրենասիրական և թե՛ մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ, և գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։

Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձևավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել «Մարտիկ» հիմնադրամին), և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին և համալրվել է անձեռնմխելի գումարը։Իսկ զոհված ազատամարտիկների անունները զետեղվել են martik.am կայքում՝ ի հիշատակ նրանց։ 

Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը՝ շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և «Մարտիկ» հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս»,- նշում է Արթուր Աղաբեկյանը։

Արթուր Աղաբեկյանի գրասենյակը ևս հայտարարություն է տարածել՝ կապված հիմնադրամից հափշտակության  առնչությամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ։

Հայտարարությունում ասվում է. «ՀՀ քննչական ծառայության և Արթուր Աղաբեկյանի պաշտոնական հայտարարությունը զետեղվել է տարբեր կայքերում և արժանանում է տարաբնույթ մեկնաբանությունների: Հանդիպում ենք հիստերիկ մեկնաբանությունների, քենի և ատելության քարոզի, ականատեսն ենք նաև հավասարակշռված մեկնաբանությունների ու կշռադատված մոտեցումների: 

Կոչ ենք անում, ցուցաբերել հանգստություն, համբերատարությամբ հետևել իրադարձությունների ընթացքին ու նախաքննությանը: Մարտիկ հիմնադրամի 16-ամյա գործունեության ընթացքում, հիմնադրամի հետ առնչված ու շահառու հանդիսացած քաղաքացիներն ու իրավաբանական անձիք իրենց ամենօրյա անհանգստությունն ու սատարումն են հայտնում անձամբ Արթուր Աղաբեկյանին և Մարտիկ հիմնադրամի գրասենյակին: Իրենց մտահոգությունն ու սատարումն են հայտնում նաև Հայաստանի և Արցախի մի շարք ռազմական և քաղաքական գործիչներ, սփյուռքի մեր հայրենակիցները»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ