Օգոստոսի 28-ին՝ ԱԺ արտահերթ նիստում, նախքան օրակարգին անցնելը ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ անդրադառնալով քրոջ՝ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցած քրեական գործին: ՀՀԿ-ական պատգամավորը վստահություն հայտնեց, որ քրոջ հետ կապված միջադեպն անուղղակիորեն առնչվում է իր հետ:
«Իմ անձի շուրջ հարուցված քրգործին եմ ուզում անդրադառնալ, որը վերաբերվում է քրոջս։ Ինձ համար ակնհայտ է, որ սա առնչվում է ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի։ Փաստաբանների կողմից համապարփակ տեղեկատվություն է ներկայացվել, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումներով անհիմն, շինծու գործ է թխվել, մեղադրանք է առաջադրվել։ Ես առաջիկայում հրապարակային այս ամենին կանդրադառնամ, ուղղակի ցանկանում եմ հայտարարել, որ սա հանրապետությունում գրված և չգրված օրենքի, բարոյականության ու մարդկային պատշաճությունից այն կողմ գործողություն է, որը չի կարող մնալ անպատասխան»,- նշեց Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանի դեմ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն», 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացնելը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը