02 08 2018

Եթե Ծառուկյանի թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ. Գևորգ Պետրոսյան

Եթե Ծառուկյանի թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ. Գևորգ Պետրոսյան

Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով նույն խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանին ԲՀԿ-ի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելուն:

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգելի քաղաքացիներ...Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երևանի քաղաքային տնտեսության խնդիրներին…

Աղբանոցի մեկօրյա այցը և թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար...

Միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որևէ ծննդատուն կամ պատարագ անցկացնեմ Մայր Աթոռում: Այո, այսօր ԲՀԿ-ում իրականում կա ներկուսակցական ժողովրդավարության մթնոլորտ, բայց, ցավոք, այն այսօր հանգել է վատագույնին...

Ուրացած կլինեմ, եթե չասեմ, որ Ծառուկյանը ոչ մի խնդրի վերջնական լուծում չի տալիս՝ առանց թիմակիցներին լսելու...

Բայց սա անակնկալ էր... ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր (հանկարծ ինձ նկատի չունենաք, դա իմ տեղը չէ, իսկ այլ անուններ էլ չեմ տալիս, որ նրանց կրակը չգցեմ), ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում... Բայց, զոռբա չլինելու հանգամանքը կանխեց նրանց լեգիտիմ ակնկալիքը...

Եվ ահա, պարզվեց, որ իմ հարազատ կուսակցության հարյուր հազարավոր անդամների մեջ միակ մարդը, ով իր կարծիքով, ունակ է զբաղեցնել ցանկացած պաշտոն (անգամ՝ կուսակցության հեղինակությունը գետնելու հաշվին), դարձյալ Նաիրա Զոհրաբյանն է...

Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իմ ավագ եղբայրը, մարդ, ով ինձ՝ բանվորի որդուս, առանց որևէ ակնկալիքի, սատարել է իմ քաղաքական կյանքում...

Նա իմ համար իսկապես հարգելի մարդ է, ու ժամանակը դեռ շատ է ակնարկելու նրա անհրաժեշտությունը, բայց, եթե նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է, ես այդտեղ անելիք չունեմ...

Այս ընտրությունը զուրկ է քաղաքական ու քաղաքագիտական պատվանդանից...

Մենք իրականում շատ գրագետ և սրտացավ գործընկերներ ունենք... Իսկ ինչո՞ւ ոչ նրանք, այլ հենց Նաիրա Զոհրաբյանը, ում կյանքի հիմնական իմաստը եղել և մնում է գործընկերների գործեր «խառնելը»…

Շնորհակալ եմ իմ քաղաքական ղեկավարին և իմ զուսպ ու նվիրյալ թիմակիցներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ