ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացի հարցով հանրային քննարկումները և պարզաբանումները Երևանում համարում են ոչ արդյունավետ: Այս մասին գրում է Интерфакс-ը որը զրուցել է Երևանի բարձրաստիճան աղբյուրի հետ:
«ՀԱՊԿ կանոնադրության, ընթացակարգի և կանոնների մասին հանրային քննարկումներն ու պարզաբանումները, որոնց մասին մենք քաջատեղյակ ենք, և որոնց խիստ համապատասխանությամբ է Հայաստանը կառուցում կազմակերպության շրջանակում իրականացվող համագործակցությունը, անարդյունավետ ենք համարում»,- ռուսական լրատվական գործակալությանը հայտնել է Երևանի բարձրաստիճան աղբյուրը, որին խնդրել են մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման ընթացակարգը սկսելու մասին Երևանում հնչած հայտարարությունների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի հայտարարությունը:
«Ռուս գործընկերների հետ մենք ունենք կառուցողական ու բովանդակալից երկխոսություն երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր հարցերով, ինչն իրականացվում է ռուս-հայկական դաշնակցական հարաբերությունների և կայացած հուսալի կապի միջոցով»,- հայտնել է զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գործընթացի կանոնների համաձայն՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի Գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչումը, եթե Երևանում արդեն պաշտոնական որոշում կայացվել է: ՌԴ ԱԳՆ-ից նաև հայտնել էին, որ հայկական կողմին բոլոր անհրաժեշտ բացատրությունները տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ընթացքում:
ՌԴ դիվանագիտության բարձրաստիճան աղբյուրը հայտնել էր, որ պաշտոնական Երևանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցով հայտարարությունը «ոչ պրոֆեսիոնալ է»: Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի՝ Յուրի Խաչատուրովին պաշտոնից հեռացնելու մասին հայտարարությունը»,- նշել էր աղբյուրը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը