Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, վկայակոչելով երկրի հատուկ ծառայություններին, հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունների հետ կապեր ունեցող ռուս խոշոր գործարարները Բելառուսով ՌԴ են տեղափոխում պատժամիջոցների տակ գտնվող մաքսանենգ ապրանքներ:
«Независимая Газета»-ի հաղորդմամբ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ բելառուսական հատուկ ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալներով անհրաժեշտ է կիսվել ՌԴ ղեկավարության հետ, «որը տեղյակ չէ այդ ամենից», և այդ պատճառով էլ հակված է ամեն ինչի մեջ մեղադրել Բելառուսին:
«Պետք է տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և նախագահին, այլ ոչ թե մաքսայիններին, որպեսզի նրանք զբաղվեն իրենց գործարարներով: Ես Պուտինին հաճախ եմ ասում այդ մասին, բայց անհրաժեշտ է փաստեր ներկայացնել»,- հայտնել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է շնորհակալ լինի Բելառուսին, որը փորձում է խոչընդոտել մաքսանենգությանը, սակայն դրա փոխարեն «նրանք սկսում են պահանջներ ներկայացնել»:
Ըստ Բելառուսի պետական մաքսային կոմիտեի՝ Եվրամիությունից և մի շարք այլ երկրներից Ռուսաստան արտադրանքի մատակարարման արգելքի ընթացքում իրականացվել է պատժամիջոցների տակ գտնվող արտադրանքի հայտնաբերման ավելի քան 4700 հատուկ միջոցառում, հայտնաբերվել է 2200 վարչական իրավախախտում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը