15 06 2018

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի անդրադարձը Ղարաբաղյան թեմային և կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի անդրադարձը Ղարաբաղյան թեմային և կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ՌԴ-ում կայացած ծանոթությանը: Հարցին, թե կարո՞ղ է հանդիպումը խթան հանդիսանալ բանակցային գործընթացի ակտիվացման համար, Զախարովան ասել է. «Ինձ թվում է, որ պետք չէ շփոթել ձևաչափերը: Կա շփում պետությունների ղեկավարների միջև, որը լինում երկկողմ, բազմակողմ: Եվ կա խնդիր, որն իր լուծման ձևաչափը ունի: Բարենպաստ մթնոլորտի ստեղծումը ոչ միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը, այլև այդ խնդրի լուծման կարևորագույն գրավականն է»:

Զախարովային ադրբեջանական Trend գործակալության լրագրողը հարց է տվել՝ հիշեցնելով վերջերս ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինի պատասխանն ու դրա խմբագրումը:

Կոժինն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին պետք է մասնակցի նաև Ղարաբաղը՝ նշելով. «Ընդհանրապես, ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք այդ հարցով ԵԱՀԿ-ի կողմից նախանշված ռելսերից դուրս են, հավանաբար ապակառուցողական են»: Այնուհետև ԱԳՆ պաշտոնական կայքում խմբագրվել էր խոսքը:

Trend-ի լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք ԱԳՆ-ն չի պատրաստվում վերականգնել տեքստը, քանի որ իմաստը փոխվում է:

Զախարովան պատասխանել է, որ բազմիցս է իր խոսքերի աղավաղում նկատել. «Մեր ճեպազրույցները պատասխաններ ստանալու համար են, սակայն ես հաճախ եմ տեսնում, որ հարցերը հնչում են ինչպես քաղաքական հայտարարություններ և արվում  են ոչ թե  խնդիրը կարգավորելու համար, այլ ինչ-որ այլ նպատակենրով: Լրագրողն ինձ չի զանգահարել այդ հարցով: Ինչո՞ւ եք սպասել երկու շաբաթ և այժմ հրապարակայնորեն բարձրացնում եք այդ հարցը, ուրեմն ցանկանում եք ինչ-որ բա՞ն սադրել, ինչո՞ւ եք դա անում: Մեր երկիրն առավելագույնն է անում ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Ինչո՞ւ, դուք շատ լավ գիտեք: Մենք ցանկանում ենք հարաբերություններ զարգացնել Հայաստանի ու Ադրբեջանի հետ և ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ հարաբերություններ զարգացնեն: Եվ ինձ թվում է` մեր խնդիրն այդ կարգավորումը մոտեցնելն է, ոչ թե հեռացնելը»:

Մարիա Զախարովայի ճեպազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ