12 06 2018

Հասկանանք որ, փոխենք 3

Հասկանանք որ, փոխենք 3

Հունիսի 7-ին ընդունված Կառավարության ծրագրի մասին շատ խոսվեց, քննադատումից մինչև գովերգում:

Հատկապես խորհրդարանում բավականին բուռն էր քննարկումը: Վարչապետ Փաշինյանը նախ բացատրեց, թե ինչու իրենց ծրագրում թվեր չկան, ինչու այս կամ այն թեմային չեն անդրադարձել կամ անդրադարձել են մակերեսայնորեն և ի վերջո՝ ՀՀԿ-ի «աչքը մտցրեց», թե՝ դուք, որ թվեր էիք գրում, բայց չէիք հասնում դրանց, լա՞վ էր…

Ճշմարիտ է, ի՜նչ խոսք: Բայց եկեք հասկանանք այս ամենը մեկ այլ տեսանկյունից, որին այս օրերին անդրադարձ չի կատարվում, գրեթե:

Խոսքն ընդանրապես ոչ միայն «կառավարության ծրագիր» կոչված 29 էջնոց փաստաթղթի մասին էր, որն անկախ բովանդակությունից պետք է ընդունվեր և որը գրված է՝ «միևնույն է՝ ընդունվելու է» տրամաբանությամբ և մասնագիտական խորությամբ, այլ ընդհանրապես ծրագիր, տեսլական, պլան ունենալ-չունենալու մեջ է:

Ո՞ւր ենք գնում, ինչպիսի՞ առաջնահերթություններ կան դրված կառավարության ոլորտային պատասխանատուների վրա, ի՞նչ ծրագրեր են իրականացվում, ի՞նչ արդյունքի ենք հասնելու և ե՞րբ:

Ուզում ենք այստեղ հատուկ շեշտել մեր՝ «Հասկանանք որ, փոխենք» հոդվածաշարի իմաստը. այն միմիայն մեր մտահոգության արտահայտումն է՝ մեր երիտասարդ կառավարությանը հնարավոր սխալներից, վտանգավոր բաց թողումներից հետ պահելու, կառուցողական երկխոսության միջոցով որոշ հարցեր ու խնդիրներ մատնացույց անելու նպատակով:

Ուստի որևէ քննադատություն չընդունող այս ժամանակաշրջանում, խնդրում ենք խոսքը դիտել այդ տեսանկյունից:

Անցած մեկ ամսվա ընթացքում ականատես եղանք հիմնականում կոռուպցիայի բացահայտման, կանխարգելման, գողացված պետական փողերի վերադարձի գործողությունների, ելույթ-հայտարարությունների: Հանրությունն ուշի-ուշով հետևեց այս ամենին: Լավ էր, մի տեսակ բավարարվածություն են զգում մարդիկ: Բայց անգամ այստեղ հայտնի չէ կառավարության ծրագիրը, պլանը՝ արմատախիլ անել կոռուպցիան, և երկիրը կզարգանա՞: Ինչի՞ հաշվին: Եթե «Նոր Հայաստանում» մի օր արթնանանք ու տեսնենք, որ ոչ մի չինովնիկ կամ իշխանավոր պաշտոնեական դիրքը չի օգտագործում անձնական նկատառումներով, կոռուպցիան և կաշառակերությունը վերացել են, «լևի» եկամուտն արմատախիլ է արվել, Հայաստանը կդառնա երջանիկ երկի՞ր: Վե՞րջ: Արդյո՞ք մեր պետության կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագիրը միայն կոռուպցիայի արմատախիլ անումն է:

Իսկ ո՞րն է վաղվա տնտեսական արդյունքի գրավականը, ո՞րն է այն հիմքը, որ այդքան փնտրվող ներդրողը, ապագա գործատուն ցանկություն ունենալուց բացի, նաև բիզնես առավելություն կգտնի Հայաստանում: Ի՞նչ է նա այստեղ ստանում, բացի՝ «այլևս կոռուպցիա չի լինելու» ձևակերպումից:

Կոռուպցիայի դեմ անհանդուրժող պայքարի վերաբերյալ երկրորդ կարծիք լինել չի կարող, չնայած մեթոդաբանության շուրջ կան տարակարծություններ: Բայց, այնուամենայնիվ, մեր խնդիրներն այդքանով չեն վերանում, չէ՞: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում տնտեսած գումարները բավարար չեն, չէ՞, երկիրը պահելու համար:

ԿԳ նախարարը, թողած իր հիմնական գործը, ընկել է ենթադրությունների հետևից, թե այս կամ այն կրթական հաստատությունում կամ հիմնադրամում պետական հատկացումների վատնումներ են արվել, աուդիտ է անել տալիս, որ բացահայտի նորերը: Կամ հավաքում է աշխատակազմն ու հայտարարում, թե այսուհետ այլ կերպ է լինելու: Իսկ այլ կերպը դեռևս միայն վատնումների փնտրտուքն է:

Սփյուռքի նախարարը հաշվում է լանչի կամ տրանսպորտի վրա ծախսված գումարները և Հայաստանի բնակչությունից կրկնակի ավելի թիվ կազմող Սփյուռքի խնդիրների մասին ասուլիս հրավիրելիս խոսում է միայն տաքսու 1300 դրամանոց չվերթի մասին, քննադատում նախորդի ծրագրերը, իսկ օրեր անց հայտարարում, որ կշարունակեն դրանք մեկ փաթեթով: Սա՞ է հզոր սփյուռքը կազմակերպելու կենտրոնի գործունեության հիմնական ուղենիշը:

Վարչապետը հայտարարում է, որ մեր երկրում փող կա բայց այլ տեղում է՝ նկատի ունենալով ստվերը, իսկ տնտեսության զարգացման առաջնահերթություն տուրիզմը, հավաստիացնում է, որ կզարգանա, քանի որ հեղափոխության շնորհիվ մեկ ամիս մեզ արտասահմանյան լրատվամիջոցները լավ լուսաբանել են: Լուր՞ջ:

Հայաստանի տնտեսության զարգացման գլխավոր ուղղություններից մեկը տուրիզմն է, և ռեալ բարեփոխումների փոխարեն մեր հույսը մնում է հեղափոխության բերած դրական ֆո՞նը: Եվ որևէ ներդրող Հայաստանում հյուրանոց կբացի՝ հղում անելով ծրագրում նշված դրական ֆոնի՞ն: Հայտարարվում է, թե լրջորեն ուղիներ են քննարկվում հոսանքն էժանացնելու համար, վերջում պարզվում է, որ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում 12% անապահովների համար է հնարավոր հոսանքի գինը իջեցնել, այն էլ՝ 10 դրամով, այն էլ՝ մասնավոր ընկերության սեփականատիրոջ եկամտի հաշվին:

Սա մինչհեղափոխական շրջանի տնտեսության և պետական կառավարման այլընտրա՞նքն է:

Դիպուկ արձագանք եք տալիս՝ նախկինները որ երկիր էին պահում, լա՞վ էր: Միանգամից ասենք՝ ոչ, լավ չեր, չէին պահում, պարտք էին վերցնում, մսխում էին: Բայց չէ՞ որ՝ «նախկինների համեմատ ինչ էլ անենք՝ լավ է» կարգախոսը ծրագիր համարվել չի կարող: Հույս կապած ժողովրդի սպասումները շատ ավելի կոնկրետ են, շատ ավելի ամբիցիոզ, քան հնարավոր է պատկերացնել: Նոր կառավարությունը, որի հիմնական անելիքը դարձել է կոռուպցիայի դեմ պայքարը, արդյո՞ք հենց հիմա արդեն կանգնած չէ պարտքեր վերցնելու վտանգի առջև: Իսկ արտաքին միջոցներ ներգրավելը գոնե վերջին տասնամյակում դարձել է գոյատևելու հիմնական և արագ հարցերը լուծելու՝ միակ միջոցը:

Մինչ կառավարության ծրագրի հրապարակումը, գրեթե բոլոր նախարարները հիմնականում խոսում եին իրենց գերատեսչություններում տիրող կոռուպցիոն երևույթների, հինը քանդելու մասին: Ոմանք դա անվանեցին պոպուլիզմ, ոմանք՝ մեծագույն հերոսություն, իսկ մեր պատկերացումով հիմնական՝ մտածող մասն էլ սպասում է, թե ե՞րբ նորանշանակները կանցնեն իրենց բուն պարտականությունների մասին խոսելուն և վերջապես գործելուն, նոր ծրագրեր առաջ բերելուն:

Վարչապետը երկրի հիմնական արտաքին ուղղությունները հայտարարում է անփոփոխ, նույնիսկ հետ է կանգնում ԼՂՀ-ի՝ բանակցություններին միանալու մասին իր կտրուկ հայտարարությունից և վերադարռնում նախկին ձևակերպմանը: Բնական է՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ հարցերով կրկնվում է նախկինի գործելակերպը: Նույնիսկ կենսաթոշակային համակարգի հարցում է պարզվում, որ նախկինի որդեգրածը մնում է:

Ըստ էության՝ ամեն բան մնում է նույնը, տարբեր են անձերն ու ելույթների հռետորիկան: Ու այս ամենը գալիս է ռեալ ծրագրի բացակայությունից:

Դեռ չենք խոսում Հայաստանի արտաքին ու ներքին զանազան խնդիրներից, որ ամեն օր բախում են մեր դուռը ու մենք դրանցով զբաղվելու ոչ ժամանակ ունենք, ոչ ծրագիր: Մենք հիմա զբաղված ենք կոռուպցիան մաքրելով...

Պետք է հասկանաս և հասկացնես նաև թմի բոլոր անդամներին, թե ուրես գնում, ինչի հետևից, երբ ես պլանավորում հասնել, և դա պետք է ընդունելի ու հասկանալի լինի թիմի բոլոր անդամների կողմից: Թիմի անդամը պետք է դառնա համախոհ ոչ միայն քաղաքական առումով, այլև պատասխանատվություն կիսելու, առավոտից գիշեր պատրաստ լինելու կատարել իր մասով գործը, որը ընդհանուր գործին մի օր կբերի հաջողություն, կապացուցի որդեգրած ծրագրի ուղության ճշմարտացիությունը:

Թիմի բոլոր անդամները մեկ առ մեկ, սկսած վարչապետից, պետք է պատասխանատու և հաշվետու լինեն նույն ժողովրդին՝ իրենց արած աշխատանքով և արդյունքով: Արդյունքը ո՞ր Հայաստանը կլինի՝ զուտ նոր դեմքերի՞, թե՞ համակարգային փոփոխության, տեղեկանքի համար կաշառք չենք տալիս, բայց կանգնում ենք հե՞րթ, թե՞ հերթը փոխվում է մեկ պատուհանով սպասարկման, տնանկին դարձնում ենք տան տե՞ր, թե՞ ֆեյսբուքով խնդրում ենք ժամանակավոր կացարան տալ, նպաստառուին հետևողական դարձնում ենք միջին խա՞վ, թե՝ տալիս օգնություն ուրիշի հաշվին:

Ծրագիր է պետք, որը չկա…

Շարքի նախորդ նյութերը՝

Հասկանանք, որ փոխենք 

Հասկանանք, որ փոխենք 2

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ