ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 11-ին Ալմաթիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Նախարարներն անդրադարձ են կատարել 2017թ․ նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված էին կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում տարեկան խորհրդատվությունների ծրագրին, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության, ահաբեկչության դեմ պայքարին, կազմակերպության խաղաղապահ առաքելության բաղադրիչին առնչվող հարցեր:
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի առաջնահերթությունները, Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և հիմնախնդիրների առնչությամբ, անդրադարձել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդման մեխանիզմներին, խաղաղապահության բնագավառում ՀԱՊԿ կարողությունների շարունակական զարգացմանը։
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ հունիսի 10-ին ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը