Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելով Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերն ու դրանց դրդապատճառները։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը:
ԱՀ նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել տիրող իրավիճակն ու խոսել դրա դրդապատճառների մասին։ Արամ Ա-ն իր մտահոգությունն է հայտնել Ստեփանակերտում տիրող իրավիճակի առնչությամբ ու զորակցություն հայտնել նախագահ Սահակյանին ու Արցախի ժողովրդին՝ շեշտելով, որ առկա մարտահրավերները պետք է լուծվեն փոխըմբռնման մթնոլորտում, իսկ կողմերը պետք է առաջնորդվեն զգոնությամբ ու խոհեմությամբ՝ հեռու մնալով Արցախի անվտանգությանը հնարավոր վնաս հասցնող մթնոլորտի ստեղծումից։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել են ձերբակալություններ:
Ձերբակալված քաղաքացիների հարազատները բողոքի ցույցեր են անում՝ պահանջելով ուժային երկու կառույցների ղեկավարների հրաժարականը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը