Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարության մասին Հանրապետականը մեկնաբանություններ չի տալիս: Մայիսի 25-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ձեռնպահ կմնա գնահատականից, որովհետև նախարարներին աշխատելու հնարավորություն է պետք տալ: «Նոր նշանակված մարդուն, որը երեք-չորս օր չի աշխատել, գնահատական տալը ճիշտ չեմ համարում: Յուրաքանչյուր հայ պետք է լավատես լինի: Կաշխատեն, կտեսնենք, կգնահատենք: Մյուսներին էլ հորդորում եմ՝ չշտապել, պետք է տալ ժամանակ, որ կայանան: Նրանց աստիճանական գնահատական է պետք տալ, ոչ թե ամբողջական»,- ասաց նա:
Խոսելով ԶՈւ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման և պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի գնահատականի մասին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե գնահատական չի տա, սակայն Արթուր Աղաբեկյանը պրոֆեսիոնալ է և նրա կարծիքը պետք է բարձր գնահատել:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ ԱԱԾ պետի հայտարարության և բացահայտումների խոստումներին, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դուք շտապում եք, և ցավում եմ, որ ԱԱԾ-ն էլ է շտապում հայտարարություններ անելով»:
Վահրամ Բաղդասարյանը անդրադարձավ նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: «2017թ.-ի ընտրություններից առաջ մենք մեր բոլոր առաջարկները ներկայացրել ենք: Ընտրական օրենսգիրքը ընդունվել է կոնսենսուսով: Քննարկումները ծավալվել էին տարբեր խողովակներով, եթե հիշում եք: Եղան ընտրություններ, միջազգային կառույցները դրական կարծիքներ հայտնեցին, դիտողությունները մասնակի էին: Բոլորը երջանիկ էին: Ամեն դեպքում, եթե հիմա մեզ առաջարկ լինի քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, պատրաստ ենք քննարկել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Միաժամանակ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ քաղաքական ներկայիս իրողություններում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում: Դիտարկմանը, թե արտահերթ ընտրությունների անցկացման համար պատճառ չէ՞ արդյոք այն, որ կառավարությունում այլ ուժ է իշխում, խորհրդարանում՝ այլ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.
«Իսկ ապրիլին չէի՞ք մտածում այն մասին, որ կարող էին նման խնդիրներ առաջանալ: Դրա համար հարկավոր էր համբերել և 2022թ.-ին սահմանադրական ճանապարհով գնալ իշխանափոխության, բայց տեսնելով իրավիճակը, մենք ընդառաջել ենք, հիմա ի՞նչ եք կարծում, ասենք ի վիճակի չէ ԱԺ-ն աշխատելու և գնանք նոր ընտրությունների: ԱԺ-ն առանց խոչընդոտի կաշխատի»:
Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության նախագահի հնարավոր փոփոխությանը, նշեց, որ դա իրենց կուսակցական հարցն է:
«Եղել է քննարկում, իսկ արդյունքները տեսնում եք՝ ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյան է: Երբ ինքը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, դրեց հարց, որ նպատակահարմար է քննարկել կուսակցության նախագահի հարցը: Այն քննարկվել է»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը