ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, քաղաքացիական խաղաղ անհնազանդությունների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությանը։
«Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ–ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և ժամանակն է մտածել ՀՀԿ–ի վերարտադրության մասին։ Կարծում եմ, այս իրավիճակում պետք է հստակ մեր դիրքորոշումն արտահայտենք, և արձանագրենք, որ իրադարձությունների նման զարգացումը չի կարող մտնել հեղափոխության պլանների ու ծրագրերի մեջ»,– ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ 2017 թվականի ընտրության օրինակով գիտեն, թե ինչպես են անցնում այդ ընտրությունները։ Հեղափոխությունը հստակ ուղերձ է հղել` ՀՀ–ում ՀՀԿ–ն այլևս չի կարող իշխանություն ունենալ։ Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց պետք է իշխանությունից զրկվեն նաև հանրապետականները, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հանրապետականների միջոցով ստվերից կառավարի իշխանությանը։
«Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և կարծում եմ, ևս մեկ քայլ պետք է արվի` «թավշյա հեղափոխությունն» ավարտին հասցնելու համար»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապրիլի 25-ին ժամը 11–ից սկսել փողոցների շրջափակումները, դասադուլները։
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 25-ին նախատեսված բանակցությունները չեն կայանա, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը