ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և քաղաքա ցիական անհնազանդության ակցիաների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 25-ին նախատեսված բանակցությունները չեն կայանա:
Այս առումով Կարեն Կարապետյանի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես գիտեք, վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար: Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ:
Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել: Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»:
Նիկոլ Փաշինյանի տարածած ուղերձում ասվում է. «Ես այսօր վարչապետի պաշտոնակատարին, ԱԺ նախագահին և ՀՀԿ խմբակցության ղեկավարին առաջարկել եմ, որ բանակցությունները կայանանա 3+3 ֆորմատով, առաջարկել եմ, որ բանակցությունները լինեն լրագրողների ներկայությամբ, նշել եմ, որ մեր չորս կետերի շուրջ պիտի լինեն բանակցությունները, որոնցից միայն առաջին կետն է կատարվել:
Իրադարձությունները, սակայն, մեզ ստիպում են մտածել, որ ՀՀԿ-ում մտածում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականն օգտագործեն ՀՀԿ իշխանությունը պահպանելու համար։ Հարցը ՍերԺ Սարգսյանի անձի մեջ չէ, այլ համակարգի մեջ։ Եվ մենք չենք կարող ընդունելի լինել, որ վարչապետ նշանակվի ՀՀԿ որեւէ ներկայացուցիչ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ՀՀԿ-ն փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի ցնծության ալիքը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար։ ՀՀԿ-ն չ կարող շարունակել մնալ իշխանության։ Ժողովուրդը հաղթել է, եւ հաղթանակը պետք է ամրագրվի:
Եթե ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել մեր օրակարգը, կարող են զանգահարել ինձ:
Մենք կոչ ենք անում վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Մեր շարժման որեւէ մասնակից չի համաձայնվի, որ սկսած գործը կիսատ թողնենք։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ՀՀԿ-ն սեփական լիդերին զոհաբերելով փորձի պահել իշխանությունը։ Կոչ ենք անում շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Հաղթանակը չի կարող դուրս պրծնել ժողովրդի ձեռքից։ Եվս մեկ շաբաթ է մեզ պետք՝ հաղթանակն ամրագրելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը