ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը և անդրադարձել երկրում առկա մի շարք խնդիրների:
Բողոքի ցույցերի մասին նախագահն ասել է. «Տեսնում եք, թե այս օրերին իրավապահ մարմինները որքան զուսպ էին, բայց ես չէի ցանկանա, որպեսզի այդ անհամաչափությունը այնքան խախտվի, որ իրավապահները ստիպված լինեն հարկադրանքի միջոցներ կիրառել: Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողության իրավիճակ»: Սերժ Սարգսյանն ասել է, թե տարիների ընթացքում իշխանությունները մեծացրել են քաղաքացիների հնարավորությունները՝ իրենց դժգոհությունը, բողոքը արտահայտելու: Հայաստանում այս մասով որևէ արգելք չկա, բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհով դժգոհություն արտահայտելը. «Հասարակություններում դժգոհությունները միշտ էլ առկա են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց գոնե միջին չափով ցանկությունները:
Խնդիրն այլ հարթությունում է, թե որքանով են այդ մարդկանց բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով: Եթե ամեն ինչ համապատասխանում է օրենքին, բացարձակապես որևէ խնդիր չունենք՝ հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտումը՝ հավաքներ, երթեր, ինչ-որ չափով պետք է սահմանափակեն այլ քաղաքացիների իրավունքները և ազատությունները: Կա սահման, որը դժգոհություն արտահայտողները չպետք է անցնեն: Ինչո՞ւ ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոցներ ուղարկել, կամ աշխատավոր մարդը գործից պետք է ուշանա 2-3 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել: Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են երկրում անպայման անկայունություն ստեղծել, սա է խնդիրը: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն է և այսպիսի պարագաներում միշտ ճիշտ որոշում է կայացնում»:
Սահմանադրական փոփոխությունների վերբերյալ վարչապետն ասել է. «Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ որեւէ անձնական նկատառում չկար Սահմանադրության բարեփոխումներն նախաձեռնելիս: Եթե այդպիսի բան լիներ, միջազգային կառույցներն էլ շատ դժկամությամբ կվերաբերվեին այդ փոփոխություններին։ Բայց Դուք տեսաք, բոլորն ականատես եղան, թե բոլոր կառույցները՝ Վենետիկի հանձնաժողովից սկսած Եվրոպայի խորհրդով դուրս եկած, որքան դրականորեն վերաբերվեցին այս փոփոխություններին: Փոփոխությունները եղել են Հայաստանի զարգացմանը համընթաց. պետության կազմավորման սկզբնական շրջանում անհրաժեշտ էր նախագահական համակարգ՝ մարդիկ ավելի շատ վախենում էին քաոսից, քան նախագահին տրված լիազորություններից: Որոշ ժամանակ անց եղան այլ փոփոխություններ, որոնք նույնպես չհավասարակշռեցին իշխանության թեւերը: Իսկ արդեն այս փոփոխություններով իշխանության թեւերը լիարժեք բաժանվեցին, եւ նախագահին վերապահվեց Սահմանադրության պահապանի դերը։ Երկու տարի առաջ կամ երեք տարի առաջ շատ դժվար էր 100 տոկոսով համոզված լինել, որ կարող է քաղաքական ուժը ստանա քվե, եւ այդ քաղաքական ուժն ինձ առաջադրի հանրապետության վարչապետ։ Շատ հնարավոր էր, չէ՞, որ այլ քաղաքական ուժ լիներ եւ, բնականաբար, այլ մոտեցում կլիներ»:
Վարչապետի խոսքով՝ 1990-ականներից բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին, որ երկիրն անցնի խորհրդարանական կառավարման մոդելի:
Վարչապետի թեկնածուի վերաբերյալ վարչապետ Սարգսյանն ասել է. «Ես չեմ բացառում, որ մեր կուսակցությունում վարչապետի թեկնածուներ կային, բայց կոնկրետ պարագայում այդ քաղաքական ուժը այդպիսի որոշում է կայացրել: Դա է որոշումը եղել և հասկանալի չէ, թե ինչո՞ւ այդ կուսակցությունն այդպիսի իրավունք չունի: Այդտեղ որևէ օրենքի խախտում կա՞, չկա»:
Հարկային քաղաքականության, աշխտավարձի ու կենսաթոշակի մասին վարչապետն ասել է. «Կառավարությունը արդեն ծրագրել է, մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում՝ մարդկանց եկամտահարկը մի քիչ կնվազեցվի: Ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների և նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի»:
Արտագաղթի վերաբերյալ վարչապետ Սարգսյանն ասել է. «Մեր արնահոսող վերքն է արտագաղթը: Մեզ համար շատ վտանգավոր է, շատ ցավալի: Ես արդարացման համար չեմ ասում, բայց պետք է հաշվի առնենք, որ արտագաղթը բնորոշ է ո´չ միայն Հայաստանին, բնորոշ է բոլոր նախկին խորհրդային երկրներին, բնորոշ է Արևելյան, նույնիսկ Արևմտյան Եվրոպային: Միգրացիոն պրոցեսները միշտ տեղի են ունենում: Այո´, որոշակի հանգամանքներից ելնելով՝ մեզ մոտ հավելյալ խնդիրներ կան, բայց այդ խնդիրների մասին, կարծում եմ, ճիշտ կլինի հետո խոսենք: Այո´, դա պրոբլեմ է, բայց պրոբլեմը մենք փորձում ենք լուծել: Այո´, ես հայտարարել եմ եւ վստահ եմ, որ դա հասանելի թիվ է՝ 2040թ. 4 մլն բնակչություն ունենալը: Առաջին հերթին նվազումը պետք է դադարեցնենք, տենդենցը գնում է դեպի նվազում, 2017 թ.-ի թվերը հուսադրող էին: Այս թիվը պետք է հասնի զրոյի և առաջ շարժվի, ներգաղթ պետք է ապահովել, ծնելիությունը բարձրանա: Մենք մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կսկսենք հանրային քննարկումները մինչեւ 2030 թ. Հայաստանի զարգացման ռազմավարության շուրջ, եւ այդտեղ եղած թվերը, ցուցանիշները բոլորին գոնե կհամոզեն, որ մենք գնում ենք դեպի այդ հիմնական ցուցանիշը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը