Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սերբ գործընկերոջ՝ Մարկո Ջուրիչի հետ Բաքվում տված համատեղ մամուլի ասուլիսում։
Բայրամովը հիշեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել առաջարկների վերջին փաթեթը հուլիսի 24-ին, իսկ պաշտոնական Երեւանը պատասխանել է 70 օր հետո։
«Երբ մենք ուսումնասիրեցինք պատասխանը, տեսանք, որ կետերը, որոնց վերաբերյալ կողմերը համաձայնության չեն եկել, պարզապես հանվել են տեքստից։ Հայաստանը կարծում է, որ հարցերը կարելի է լուծել այդ կերպ։ Հայաստանը պետք է ավելի լուրջ մոտենա հարցին»,- ասել է նա։
Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։
Բայրամովը նշել է, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն տարածաշրջանում, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի։
«Փաստ է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս պահանջներ կան Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Ես ընդգծել եմ, որ դա խաղաղության և կարգավորման գործընթացին սպառնացող ամենալուրջ տարրն է։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»,- հավելել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը