05 06 2024

Միրզոյանի փորձերն անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով

Միրզոյանի փորձերն անընդունելի են․ Ջեյհուն Բայրամով

Այսօր՝ հունիսի 5-ին, Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։

«Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտեր տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, հետևաբար, այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են: Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման բան տեսնում ենք։ Ադրբեջանի օրենսդրությունում ակնհայտորեն բացակայում են նման կետեր: Սա գիտեն բոլոր միջազգային գործընկերները, և ոչ ոք չի ընդունում այդ փաստարկները, կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ գիտեն, որ սա անհիմն է», - ասել է Բայրամովը:

Նա նաև հայտարարել է, որ կրճատվել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հետ կապված չլուծված հարցերի թիվը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարեց, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում խոչընդոտներ են տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, սակայն դրանցում փոփոխություններ անելու հարցը երկու երկրների բանակցությունների օրակարգի մաս չի կազմում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ