Իրանի դեսպանատանը՝ լրագրողների հետ զրույցում, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների և Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածության նպատակների մասին:
«Տարածաշրջանում խաղաղությանը որեւէ այլընտրանք գոյություն չունի, պետք է խաղաղություն հաստատվի տարածաշրջանում: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է: Մենք ողջունում ենք ու աջակցում ենք այդ երկխոսությանը, որը տեղի է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու համար: Մենք գտնում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է տարածաշրջանի ներսում լուծվեն: Ցանկացած լարված իրավիճակ, ցանկացած պատերազմ եթե տեղի ունենա տարածաշրջանում, դրա ազդեցությունը, հետեւանքները լինելու են տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա: Ուստի, երբ ասում ենք 3+3, դա տարածաշրջանի երկրների եւ այն երկրների, որոնք իրար հետ ունեն հակամարտություն, այդ շրջանակում ընդգրկում է, որի շրջանակում մենք պետք է հասնենք հարատեւ խաղաղության:
Սա պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի շրջանակում, միայն քաղաքական կողմը չպետք է դիտարկել, այլեւ տնտեսական հարցեր, առեւտրի հարցեր, տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխադարձ այցելությունների հարցեր»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ԱՄՆ-ն ակտիվացրել է իր ջանքերը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, դեսպանն ասաց.
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, մենք նրան չենք վստահում: Երբ մեծ սատանան ոտք է դնում տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում: Նրանք փոխանակ հենվեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, անվտանգության եւ հանգիստ ապրելու վրա, այլ նպատակներ են հետապնդում:
Եթե նրանք ցանկանում են շրջանցել եւ դուրս թողնել այս բանակցություններից որոշ երկրների, դա նշանակում է, որ նրանց ցանկությունն ինքնատիպ չէ: Մենք ցանկանում ենք, որ համապարփակ խաղաղություն տիրի: ԱՄՆ-ն իր նպատակներին հասնելու համար իր գործիքակազմն է օգտագործում: Նրանք փորձում են Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Մենք ունենալով փորձը մեծ սատանայի՝ ամերիկայի վերաբերյալ, մենք շատ հոռեատես ենք նրանց կողմից արտահայտված հայտարարությունների մասին: Մենք չենք հավատում, որ նրանք տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանում: Նրանք այնքան հեռու են, որ երբեւիցե լարվածություն նրանց վրա չի ազդի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը