«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահման է, և որևէ ուժ չի կարող այն խզել». այս մասին, ինչպես հայտնում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը:
Ըստ X-ում արված հրապարակման՝ նա ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման կապակցությամբ։
«Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահման է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը», - ասել է նա:
Անվտանգության խորհրդի քարտուղարն, ընդգծել է, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում լինելու է Հայաստանի ներքին ինստիտուտների և նրա ազգային ու տարածքային ինքնիշխանության վերահսկողությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը