Եթե Ալմա Աթիի Հռչակագիրը օգտակար լիներ հետխորհրդային պետությունների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար, ապա եվրոպական փորձագետները տարբեր երկրների փորձը հարյուրավոր էջերում մեկնաբանելու փոխարեն ընդամենը հղում կկատարեին այդ հռչակագրին և վերջ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Միայն անտեղյակները կամ պրոցեսը միտումնավոր խեղողները կարող են շրջանցել այն կարևոր հանգամանքը, որ Խորհրդային Միությունում հանրապետությունների վարչական սահմանները Կոմունիստական Կենտրոնը ձևավորել էր այնպես, որ հարևան հանրապետությունների միջև մշտապես լիներ որոշակի լարվածություն, ինչը և ապահովում էր Կենտրոնի քաղաքական անվերապահ ազդեցությունը տեղերում»,-պարզաբանել է նա՝ շեշտելով՝ դա պառճառը, որ այսօր գրեթե բոլոր հետխորհրդային պետություններն իրենց անմիջական հարևանների նկատմամբ ունեն տարածքային պահանջներ:
Խոսրով Հարությունյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն անդադար պնդում է, որ մեր երեք տասնյակից ավել սահմանամերձ գյուղերի տարածքները գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ և հաճախ հույս հայտնում, որ Ադրբեջանը կցուցաբերի ողջամիտ մոտեցում այդ տարածքները ազատելու հարցում: Նրա խոսքով, դա մանկամտություն է:
Խոսրով Հարությունյանի նշել է, որ պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության այն փաստաթղթի պահանջներով, որը ընդունվել է 2017թ դեկտեմբերին և կոչված է որպես պարտադիր կիրառման ուղեցույց հետխորհրդային երկրների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար:
«Մինչդեռ ԵԱՀԿ Քարտուղարության նույն փաստաթղթում հստակ սահմանված է սկզբունք, համաձայն որի սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ հնարավորություններից՝ խոտհարքներց, արոտավայրերից, ջրաղբյուրներից, հոսանքի, կապի և տրանղսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքներից և այլն: Միջազգային անվտանգության բնագավառում այդ հեղինակավոր կառույցն, ի դեմ իր Քարտուղարության, առաջարկում է սահմանազատում իրականացնող պետությունների հանձնաժողովներին պարտադիր բանակցել այս սկզբունքը»,-ասել է նա և հարց բարձրացրել, թե ինչու՞ է վարչապետը կամ Մհեր Գրիգորյանը անտեսում խնդրի լուծման այս հնարավորությունը:
Նախկին վարչապետի խոսքով, ԵԱՀԿ Քարտուղարությունը գտնում է, որ սահմանազատման ընթացքում չի կարող անտեսվել հողի և անշարժ գույքի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքը ձեռք է բերվել տվյալ պետության ներքին օրենսդրության համապատասխան: Այսինքն սահմանազատման արդյունքում չի կարող մարդու տունը հայտնվել Հայաստանում, իսկ գոմը՝ Ադրբեջանում:
«Ինչու՞ է Մհեր Գրիգորյանը խորշում միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջարկվող այս սկզբուների շուրջ բանակցելուց, փոխարենը միակողմանի զիջումների գնում Ադրբեջանի պահանջներին՝ ձևավորելով ռազմական սպառնալիքի նոր հնարավորություններ, վտանգելով մեր Պետության գոյությունն ընդհանրապես»,-ասված է գրառման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը