Մենք լավ գիտենք, որ այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի կապերին, այլ հայ ժողովրդի աշխարհայացքի հիմքերին, Հայ առաքելական եկեղեցուն, որը դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում համախմբեց ու հետ պահեց հայ ժողովրդին ուծացումից։ Այս մասին Մոսկվայում «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
«Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք»,- հարցրեց պատգամավորը։ Նա հիշեցրեց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունը. «Նա սկսեց նրանից, որ Հայաստանը ջերմեռանդորեն աջակցում է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը։ Նա իր ելույթում հարձակվեց Ռուսաստանի վրա, որը, ըստ նրա, տեռորի է ենթարկում հայ հասարակությանը, միջամտում ներքին գործերին, և այժմ ստիպված են արգելել ռուսական ալիքների հեռարձակումն իրենց տարածքում»,- նշել է Զատուլինը՝ չբացատրելով, թե ինչու Հայաստանը չպետք է պաշտպանի վերոհիշյալ նախկին խորհրդային հանրապետությունների տարածքային ամբողջականությունը։
Իր գնահատմամբ՝ Սիմոնյանն այս ամենն ասաց հարմարավետ լսարանում՝ հավաքված ռուսաֆոբների շարքում, որոնք մեկ ամիս առաջ հայտարարություն ընդունեցին՝ պահանջելով Ռուսաստանի ապադաշնայնացում և ապագաղութացում։
«Եվ այսօր այս մարդը Հայաստանի Ազգային ժողովի նախագահն է։ Մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում էի, նա ինձ հրավիրեց ճաշի։ Ընթրիքից հետո, որը տեղի ունեցավ կենտրոնական հրապարակից ոչ հեռու, երբ ես պատրաստվում էի հեռանալ, նա ասաց. «Ոչ, եկեք Ձեզ հետ դուրս գանք և շրջենք հրապարակով։ Դուք այնքան սիրված եք Հայաստանում, ես ուզում եմ Ձեր կողքին լինել, երբ շրջում ենք Երևանի հրապարակով»։ Իսկ այսօր պատմում է այն, ինչ պատմում է։ Հայաստանում մեր ընկերներից որևէ մեկը նախատինք զգու՞մ է, որ այս մարդիկ շարունակում են ղեկավարել և ուղղորդել Հայաստանը»,- ընդգծեց պատգամավորը։
Նա խոստովանեց, որ դա կարելի է համարել միջամտություն ներքին գործերին, բայց, իր գնահատմամբ, կան ներքինից ավելի կարևոր բաներ. սրանք բոլորն ընդհանուր հասկացություններ են թե՛ ռուս, թե՛ հայ ժողովրդի համար, օրինակ՝ պատիվն ու արդարությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը