Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան և բոլոր մուսուլմաններին Ռամադանի ավարտի և Կուրբան Բայրամի կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը։ Ապրիլի սկզբին Իսրայելը հարվածել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին։ Ի պատասխան՝ Իրանը ապրիլի 13-ին, նախապես զգուշացնելով տարածաշրջանի երկրներին, հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր է արձակել հրեական պետության ուղղությամբ։ Թեհրանն ընդգծել է, որ իրենք հարձակվել են բացառապես ռազմական օբյեկտների վրա։
«Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը հաստատել են նաև երկրների սկզբունքային մոտեցումները Մերձավոր Արևելքում կրակի անհապաղ դադարեցման օգտին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը