24 11 2023

Մենք համոզված ենք, որ Արցախի հարցը փակված չէ. Արեգնազ Մանուկյան



ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը խորհրդրարանական լսումների ժամանակ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի հայաթափումը, արցախահայության բռնի տեղահանումը, որը էթնիկ զտում է և ցեղասպանության տարատեսակ, տեղի ունեցավ ոչ միայն Ալիևի հանցավոր քայլերի, միջազգային հանրության լուռ հայացքի ու ցինիկ հաշվարկի, այլ նաև Հայաստանի իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հանցավոր քաղաքականության արդյունքում:

Արցախի անկումն անգրագիտության, քաղաքական անմեղսունակության, դավադրության ու դավաճանության համադրության հետևանք է: Այդ ամենը բերեց հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական դեպքերից մեկին:

Արցախի հայաթափման գործընթացն սկսեց 2018-ի մայիսի 9-ից, երբ Հայաստանի վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը Ստեփանակերտում հնչեցրած իր հայտարարությամբ դրեց բանակցային գործընթացը փակուղի մտցնելու, տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումները վիժեցնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ պատերազմի դուռը բացելու քաղաքականության հիմքերը: Դրանց հաջորդեցին 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը, մեր մարդկային ու տարածքային կորուստները:

2020-ի 44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այն, բնականաբար, մեր երազանքների փաստաթուղը չէր, բայց տվյալ պահի ռազմաքաղաքական հաշվեկշռի ամրագրումն էր, որը հնարավորություն էր տալիս Արցախի հարցի էջը փակված չհամարել ու դրան անդրադառնալ ավելի բարենպաստ պայմաններում: Այդ բարենպաստ պայմանների ապահովման համար անհրաժեշտ էր համառ ու քրտնաջան աշխատանք: Եթե Փաշինյանին մնար, ապա 2020-ին մենք նոյեմբերի 9-ի հայտարարությունն էլ չէինք ստանա, այսինքն՝ Շուշիի հետ կկորցնեինք նաև Ստեփանակերտը: Հետագա զարգացումներն ապացուցեցին այս թեզը, քանզի 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս՝ Բաքվին հնարավորություն տալով նախ ամիսներով պաշարել Արցախը, ապա՝ իրականացնել արցախահայության բռնի տեղահանում:

Հիմա Հայաստանի քաղաքացիներին ուզում են համոզել, որ Արցախի կորուստը բարեբախտություն է, քանզի Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով զարգանալու հնարավորություն է ստացել: Այսինքն՝ առաջարկում են ուրախանալ հազարավոր զոհերի, 120 հազար տեղահանված արցախցիների, հայկական Արցախի կորստյան առիթով: Իրականում՝ հանուն սեփական անվտանգության՝ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական առևտրի առարկա՝ անվտանգության կեղծ երաշխիքների խոստումներ տալով։

Հարգելի քաղաքացինե՛ր,

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը՝ հակասում է մեր Անկախության հռչակագրին, ՀՀ սահմանադրությանը, Գերագույն խորհրդի կողմից 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ոգուն: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ու մեր թշնամիներից Հայաստանի համար կադաստրի թուղթ մուրալը ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ու պարտություն կարող է բերել: Նաև տարածքային ու, ի վերջո, պետականության կորուստ՝ արդեն Հայաստանի՛ համար:

Օրվա իշխանության քաղաքականությունն ու քարոզը հետևյալն է՝ մոռացե՛ք Արցախի մասին, բավարարեք Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, որ լավ ապրեք: Այսինքն՝ իրենց առաջարկած «ապագա կան» թրքացման թեմայով է: Մենք համոզված ենք, որ Արցախի հարցը փակված չէ: Սպառված չեն Արցախի ու արցախահայության իրավունքների պաշտպանության դիվանագիտական հնարավորությունները: Պարզապես դրա համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ ու հայամետ իշխանություն, ինչպիսին որ օրվա իշխանությունը չէ: Հետևաբար՝ միայն իշխանափոխության ու ազգային նոր իշխանության ձևավորման պարագայում է հնարավոր մեր անվտանգային խնդիրների լուծումը, մեր երկրի զարգացման ապահովումը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ