15 11 2023

Արարատ Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Արարատ Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Նոյեմբերի 14-ին Lոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) կայացել է հանդիպում-քննարկում պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ թե՛ ՀՀ-ՄԹ հարաբերությունների տիրույթում, թե՛ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև միջազգային հարթակներում ՀՀ ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորությունները:

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմի մոտեցումները հիմնականում արտահայտված են Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներում: Նախարարն ընդգծել է այդ սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարուբակելու Ադրբեջանի անվերապահ հանձնառության և միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը:

Միջոցառման օրակարգում են եղել նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, 100 հազարից ավել բռնի տեղահանված և փասատացի հայրենազրկված հայերի առաջնային կարիքբերի և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցերը:

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել ինստիտուտի տնօրեն Բրոնուեն Մեդոքսի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ