10 11 2023

Բարձրաստիճան ո՞ր նախկին ռազմական ղեկավարի կամ գեներալի անազատությունն է բխում նաև ադրբեջանական պահանջներից․ 168.am

Բարձրաստիճան ո՞ր նախկին ռազմական ղեկավարի կամ գեներալի անազատությունն է բխում նաև ադրբեջանական պահանջներից․ 168.am

168.am-ը գրում է․ 2018թ. սեպտեմբերին «Զինուժ Մեդիային» տված հարցազրույցում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետԳևորգ Ալթունյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրել էր, որ, երբ նույն թվականի մայիսին ԱԺ-ում քննարկվում էր նրա՝ վարչապետի պաշտոնում թեկնածության հարցը, ընդդիմախոսներն ասել էին, որ Փաշինյանը բանակում չի ծառայել, ուստի պատկերացում չունի՝ ինչ էբանակը, և, մեծ հաշվով, խորությամբ չի տիրապետում անվտանգային խնդիրներին:


2018-ին Փաշինյանը «զգուշացրել» էր՝ սխալ պատկերացումներ ունի գերագույն հրամանատարի պարտականությունների մասին

Այնուհետև Ալթունյանը շարունակել էր՝ «մի քանի ամիս է անցել այդ քննարկումներից, արդյո՞ք կարող եք ասել, որ հիմա արդեն ամբողջովին տիրապետում եք այն խնդիրներին, որոնք առնչվում են մեր երկրի անվտանգությանը, և որոնց պետք է տիրապետի ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարը», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Առաջինը, կարծում եմ, գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունը և հատկությունը, դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու ընդունակություննու կարողությունն է: Մեր պատմությունը ցույց է տվել, որ մեր պետությունը, զինված ուժերը, մեր ժողովուրդն առավել մարտունակ են, երբ կա այնպիսի գերագույն հրամանատար, որն ի վիճակի է համախմբել ազգային ողջ ներուժը, և այդ ողջ ներուժը կազմակերպել հակառակորդին հակահարված տալու համար: Այսօր սա մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը. դա ուժեղ և մարտունակ բանակն է»:


Գերագույն հրամանատարի գործառույթների մասին հարցին ի պատասխան՝ Փաշինյանի այս պատասխանից կարելի է հետևություն անել, որ վարչապետ դառնալուց ամիսներ հետո էլ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել օրենքով սահմանված գերագույն հրամանատարի լիազորություններին և այն կարողություններին, որոնք պիտի ունենա պատերազմող երկրի գերագույն հրամանատարը: Այսինքն, նա չի բարձրացել հանրահավաքներ վարողի մակարդակից:

Պատերազմը վարում է պետությունը, և պետության ղեկավարը պետք է կարողանա կառավարել այն, «Պաշտպանության մասին» ՀՀօրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ»:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը «Զինուժին» տված հարցազրույցում խոստովանում է, որ2018 թվականին նախկին իշխանություններից ժառանգել է մարտունակ բանակ, ինչի մասին 2023թ.օգոստոսի 1-ին44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարել էր նաևՀՀպաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը ևայն բնագծերը, որտեղ որ մեր ԶՈՒ-ն գտնվում էր։

Ինչ վերաբերում է ձևակերպմանը, թե պատերազմական կամ օրհասական իրավիճակում գերագույն հրամանատարի գլխավոր անելիքը ժողովրդին համախմբելն է, ապա հիշեցնենք, որ պատերազմ կառավարելը որոշ առումով համախմբում է ենթադրում, բայց ոչ երբեք ֆեյսբուքյան էժանագին, կենացային կոչերի և գրառումների մակարդակով, այլ օրենքով սահմանված գործողությունների: Ի դեպ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք, ըստ էության, ունեցել ենք և՛ճիշտ կառավարում, և՛ժողովրդի համախմբում, գերագույն հրամանատարը կարողացել է ճիշտ գնահատել իրադրությունը և ռազմական ու քաղաքական ճիշտ որոշումներ կայացնել:

Ինչի ականատեսը եղանք, երբ Նիկոլ Փաշինյան գերագույն հրամանատարի օրոք տեղի ունեցավ 2020թ. 44-օրյա պատերազմը. մենք համոզվեցինք, որ իշխանության գալուց 2 տարի հետո Նիկոլ Փաշինյանի պատկերացումները զինված ուժերի, անվտանգային հարցերի և գերագույն հրամանատարի պարտականությունների վերաբերյալ նույնն են մնացել, ինչ եղել են «Զինուժ Մեդիային» 2018 թվականի սեպտեմբերին տված հարցազրույցի ժամանակ: Այսինքն, ամբողջ պատերազմի ընթացքում Փաշինյանը միայն ֆեյսբուքյան կամ ուղիղ եթերային կոչերով էր հանդես գալիս, դավաճաններ փնտրում, մեկ իրեն համարում էր գերագույն հրամանատար և «սպառնում»՝ չկասկածել իր գերագույն հրամանատարի կարողությունների վրա, մեկ իրեն հռչակում էր«մոդերատոր»: Իսկ պատերազմից հետո 2022թ.սեպտեմբերին էլ հայտարարել էր, թե «հրամանատարներից հրամաններ են եղել, որ ես չեմ կարողանում հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես»:

Նիկոլ Փաշինյան «գերագույն հրամանատարի» կարողությունների մասին բազմիցս գրել ենք, ուստի կոնկրետ դեպքում չենք խորանա մանրամասնությունների մեջ, այդ թվում՝ գերագույն հրամանատարի գործառույթների: Միայն հարկ ենք համարում հիշեցնել 2021թ. ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ «Սպուտնիկ Արմենիայի» հարցին տված պատասխանն այս առնչությամբ:

«Պատերազմը ոչ միայն ռազմականպայքարէներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»,-շեշտել էր գեներալը:

Սրան պետք է ավելացնել այն, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է նաև մոբիլիզացիան 44-օրյապատերազմի ժամանակ, ինչը ենթադրում է մարդկային և ոչ մարդկային ռեսուրսների համախմբում: Այսինքն, Փաշինյանը գործնականում նույնիսկ ազգային ռեսուրսը թշնամու դեմ ուղղելուն ունակ չի եղել, կամ չի ցանկացել: Ավելին, 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես կարող ենք ենթադրել ռազմական և ռազմաքաղաքական նախկին ղեկավարության տարբեր հայտարարություններից՝ Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կարևոր հարցերի շուրջ բանակցություններ չի վարել: Բայց սա չի նշանակում, որ նա չի կայացրել քաղաքական ևռազմական որոշումներ, և կարող է իրեն չհամարել թիվ մեկ պատասխանատուն 44-օրյա պատերազմում պարտության և դրա հետևանքների համար, որոնք 3 տարի անց դեռ շարունակվում են:

Եվ չնայած 2020թ.նոյեմբերի 9-ին և 10-ին ՀՀ ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարությունը դուրս չեկավ ՆիկոլՓաշինյանի դեմ, մնաց նրա կողքին, և երբ 2020-ինոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիոն եռակողմ փաստաթուղթը, ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ ԳՇ-ն համատեղ ուղերձ տարածեցին , որում, մասնավորապես, ասվում էր.

«Ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։

Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա…Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»,-հայտարարել էին այդ ժամանակ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Հիշեցնենք, որ այս կոչ-ուղերձից առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոյեմբերի 9-10-ին պատերազմը կանգնեցնելու որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում:

Իսկ 2020թ. նոյեմբերի 10-ին ԳՇ պետի պարտականությունները կատարող Օնիկ Գասպարյանը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Հնարավոր է՝ հորդորել է քաղաքական կտրուկ քայլեր չանել: Հայտնի է, որ հանդիպմանը քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնել Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին, իսկ ժողովրդին հանդարտության կոչ արվեց:

Եվ բանակը՝ ի դեմս ԳՇ ղեկավարության, շարունակեց լինել Նիկոլ Փաշինյանի կողքին և կատարել նրա հրամաննները:

Բայց Փաշինյանին սա բավարար չէր, նա պետք է նաև առանձին «կոմպրոմատ» ունենար Օնիկ Գասպարյանի դեմ հետագայի համար, ու ԳՇ և ՊՆ համատեղ հայտարարությունից հետո, ԳՇ նախկին պետին առաջարկել էին հատուկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» համար կրկնել, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա չի որոշել ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթ:

«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել և հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում՝ անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,-ասել էր գեներալ Գասպարյանը Փաշինյանի ընտանեկան թերթին:

Մի քանի օր անց՝ 2020թ. նոյեմբերի 17-ին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ արդեն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ոչ համատեղ, առանձին ուղերձ էր տարածել, որտեղ նույն միտքն էր կրկնել, ըստ էության՝ պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև, նախընտրել ենք շատ վատը:

Միաժամանակ, Օնիկ Գասպարյանը ուշագրավ հայտարարություն էր արել, որ պատերազմի 4-րդ օրնԱնվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը՝«հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Հետաքրքիր է, որ գեներալ Գասպարյանի այս հայտարարությունը 4 ամիս աննկատ մնաց իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից:

Ավելին, 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը չէր հերքել այն, որ պատերազմի 4-րդ օրն առաջարկվել է կանգնեցնել պատերազմը:

Արդեն իր հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր խոսքից, երբ ակտիվացել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով, որ Օնիկ Գասպարյանը ստում է, առաջին անգամ պատերազմը կանգնեցնելու առաջարկ արվել է 2020թ. հոկտեմբերի 19-ին, ինչը, փաստորեն, ևս հաշվի չեն առել:

Օնիկ Գասպարյանի վերը նշված հայտարարությունից 3 օր հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ դադարեցնում է պաշտոնավարումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

«Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»,- մասնավորապես նշել էր Տոնոյանը՝ հավաստիացնելով, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով:

Ի դեպ, 2020թ. նոյեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել այդ ժամանակ ՊԲ հրամանատար, այսօր պատերազմի հետ կապված քրեական գործով անցնող գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որտեղ նշում էր՝ կատարվածն ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ:
Իսկ այս տարվա հունիսի 15 ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սխալվել են՝ վստահելով բանակին, որի համար իբր ոչինչ չեն խնայել:

«Մենք վստահել ենք մեր բանակին, վստահել ենք: Ընդ որում, իմացել ենք քաղաքական կապվածությունների մասին, ինչ-որ բաների առաջ աչք փակելով՝ վստահել ենք: 2018-ից մինչև այսօր չկա մի դեպք, որ մեր բանակում ինչ-որ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունը ասի՝ փող չկա: Բացառված է, չի կարող նման բան լինել: Գուցե դա՞ է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին»,- նշել էր նա:

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինքը չի արդարացրել բանակի վստահությունը, դրանում ոչ մի կասկած, և ռազմական ղեկավարությունից ու գեներալիտետից ոմանք դրա մասին բարձրաձայնել են, ոմանք՝ ոչ, ավելին, Փաշինյանի հրաժարականը պահանջողներից դեռ շարունակում են նրա հետ աշխատել: Խնդիրն այն է, որ բանակին պարտադրված պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը ոչինչ չարեց, ըստ էության, վերականգնելու բանակի կարողությունները, իսկ Ալիևը սեփական զինված ուժերը նոր ռելսերի վրա դրեց, սկսեց ստեղծել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակի մոդելի բանակ և դեռ շարունակում է:Ավելին, Ադրբեջանը լրջագույն վերահսկող դիրք գրավեց հայ-ադրբեջանական սահմանի նկատմամբ, և սա՝ միայն «ռևանշիստների» վերադարձի վախից:

Իսկ Փաշինյանը պատրաստակամ է իր խաղաղության օրակարգին զոհաբերել Տավուշի և Երասխի հատվածում ռազմավարական առումով գերակա կետերն ու դիրքերը: Եվ այս դեպքում աննախադեպ սպառազինությունների ձեռքբերման գնման հայտարարությունները մեծ արժեք չունեն, հատկապես, երբ դեռ լոգիստիկ խնդիրներ պիտի հայտարարվեն:

2020թ. 44-օրյա պատերազմում մեր պարտությունից հետո, որը բարոյահոգեբանական լուրջ ազդեցություն էր թողել ՀՀ զինված ուժերի վրա, վնասել բանակի հեղինակությունը, Նիկոլ Փաշինյանը դրանք էլ ավելի սրեց՝ քաղաքական շարժառիթներից կամ ըստ քաղաքական նպատակահարմարության քրեական գործեր հարուցելու առնվազն թույլտվություն տալով ռազմական նախկին ղեկավարության, գեներալների նկատմամբ:

 

Հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 168.am-ի հարցերին ի պատասխան, մասնավորապես, նշել էր .

«Բացի ինձնից, մոտ 10 գեներալ մեղադրվում են տարբեր քրեական գործերով, որոնցից 5-ն այս պահին կալանավորված են: Հարյուրավոր ավագ և կրտսեր սպայական կազմի զինվորականներ մեղադրվում են և տասնյակները կալանավորված են: Բանտախցերում զինծառայողներին զորատեսակներով են արդեն տեղավորում»:

Դավիթ Տոնոյանի անազատության մեջ գտնվելն անձնական վրեժխնդրությա՞ն հետևանք է, թե՞ ադրբեջանական պահանջ

Սկսենք հենց իրենից՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից:

2021 թվականի սեպտեմբերի վերջին Տոնոյանը կալանավորվել էր հայտնի «անպիտան հրթիռների» գործի շրջանակում, և արդեն 2 տարի է՝ գտնվում է անազատության մեջ: Գործը մոտ 1 տարի է, ինչ դատարանում է, դատաքննությունը թևակոխել է ամբաստանյալների հարցաքննության փուլ: Բայց այս ընթացքում զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) մատակարարած հրթիռների անպիտանությունն իշխանությունները չեն ապացուցել, ավելին, հաստատվել են մեղադրյալների ներկայացրած փաստարկները: Փաստաբանական խմբի միջոցով մեզ հետ վերջին հարցազրույցում Դ. Տոնոյանը հաստատել էր՝ իր անազատության մեջ գտնվելը քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում է:

«Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու»,-նշել է նա:

Այսինքն,հրթիռների գործը միայն պատրվակ է, այլ հարց է՝ Նիկոլ Փաշինյանն ինչից ելնելով է նման քաղաքական համաձայնություն տվել՝ անձնական ինչ-որ հանգամանքներով պայմանավորվա՞ծ, թե՞ ադրբեջանական պահանջ է եղել:

Վերջին մտքի համատեքստում մի քանի փաստ հիշեցնենք:

2018թ. սեպտեմբերին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության էր եկել, որով կողմերը պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը շփման գծում և պետական սահմանին:

2019թ. մարտի 30-ին «Ամերիկայի ձայնը» հրապարակում է ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության տեսագրությունը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։

«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով»,– հայտարարել էր Տոնոյանը և պնդել, թե ոչինչ չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, իսկ հայկական բանակն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները։

«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- եզրափակել էր նա:

2019թ. մարտին լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարարի վերը նշված հայտարարությանն արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը, որը դեմ է տարածքային նվաճումներին և պատերազմի առաջինը օրը պարտությանը համակերպվելուց էր խոսում, արձագանքել էր.

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»:

Հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանն արձագանքել էր․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:

168.am-ը գրել էր, որ Դավիթ Տոնոյանը Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհ է՝ հաշվի առնելով 2020 թվականի փետրվարին Մյունխենում նրա՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն» բանաձևը, որը բոլորովին այլ բանի մասին էր:

 

Իսկ 2019թ. հունիսին vzglyad.az-ը մի հոդված էր հրապարակել ՝ «Տոնոյանը պետք է պատասխան տա Էլշան Խալիլովի սպանության համար»: Խոսքն ադրբեջանցի զինծառայողիմասին է,որի չեզոքացմանը նախորդել էր հայ զինվորի սպանությունը՝ Սիփան Մելքոնյանի: Եվ հայկական կողմը պատժիչ գործողություններ էր ձեռնարկել: Ավելին, Դավիթ Տոնոյանը պարգևատրել էր գործողության մասնակիցներին:

«Սա նշանակում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը գործում է իր վերադասի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը հակառակ և փաստացի «պաստավկա» է անում իր ղեկավարի՞ն: Իսկ միգուցե պաշտպանության նախարարը համարում է, որ ինքը նախագահին կամ վարչապետին հավասար իրավունք ունի պատերազմ հայտարարելու և ռազմական կոնֆլիկտ հրահրելո՞ւ»,-գրել էր ադրբեջանցի հոդվածագիրը՝ բարձրացնելով Դավիթ Տոնոյանի պատասխանատվության հարցը:

Իսկ արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմից և Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե «Դավիթ Տոնոյանը պետք է «որպես ռազմական հանցագործ»՝ պատասխան տա իր հանցագործությունների համար, եթե անգամ պաշտոնից հեռացվել է»: Խոսքը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի,2020թ. հոկտեմբերի 3-4-ինադրբեջանական քաղաքներից մեկի հրթիռակոծության համար:

Այս փաստերը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով:

Ինչ վերաբերում է մեղադրվող գեներալներին, նշենք, որ բացի Դավիթ Տոնոյանից, հրթիռների գործով անցնում են ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, այս գործի անջատված մասով անցնում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինի նկատմամբ կան նաև այլ մեղադրանքներ, նա մեղադրվում է խոշոր չափերով գույքի հափշտակության և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու համար։ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքների շրջանակում «ժամկետանց» գործ է հարուցվել նաև 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ, և նա այս տարվա մարտից գտնվում է անազատության մեջ:

168.am-ը մեկ անգամ չի, որ գրել է սրա պատճառների մասին ՝ Փաշինյանի խաղաղության օրակարգի համատեքստում: Ավելին, նախքան գեներալի կալանքի տակ հայտնվելը, մենք գրել ենք նաև, որ Հայաստանի իշխանությունները և Ադրբեջանի քարոզչական մեքենան թիրախավորել են Գրիգորի Խաչատուրովին:

 

«ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը, որը ղեկավարում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը, ըստ էության, ապրում է իր կյանքով, և կարելի է ասել՝ այնքան էլ չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին»,- ասվում էր ադրբեջանական caliber.az-ի 2021 թվականին պատրաստված ռեպորտաժում: Այսինքն, դարձյալ գործ ունենք Փաշինյանի և թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունների համընկնման հետ:

Այս համատեքստում, թերևս, պետք է նշել, որ «Արեգա» բարձունքից նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը չկազմակերպելու համար մեղադրվող և մոտ մեկ տարի անազատության մեջ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ ևս քաղաքական նպատակներ են բանեցվում, ինչի մասին անգամ Արզումանյանն է հայտարարել՝ նշելով, որ ինքը որպես թիրախ է ընտրվել:

Մենք անդրադարձել ենք նաև 2021թ. մայիսյան առաջխաղացումների գործով կալանավորված գեներալ Արայիկ Հարությունյանի դեպքին , որի նկատմամբ, սակայն, մեղադրանք է առաջադրվում միայն 2022-ի դեկտեմբերին, իսկ մինչ այդ նրան ռազմական տարբեր պաշտոններ են վստահում: Այսինքն, դարձյալ գործ ունենք ըստ քաղաքական նպատակահարմարության հարուցված գործի հետ:

Ավելին, 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս: Սակայն այս տեսանյութը, թերևս, քննության առարկա չի դարձել:

Մենք ունենք հրանոթի արկերի գործով մեղադրվող գեներալ նաև՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ Արմեն Հարությունյան, և այս գործը դարձյալ փակուղում է:

44-օրյա պատերազմի դրվագներով ևս մեղադրվող բարձրաստիճան սպաներ կան, այդ թվում՝ գեներալ: Այս շարքը կարելի է շարունակել, և այս շարքը դեռ հնարավոր է, քաղաքական շարժառիթներից ելնելով՝ համալրվի, և ոչ ոք չի կարող այս առումով իրեն ապահովագրված զգալ՝ ո՛չ Օնիկ Գասպարյանը, որի գրպանը տարբեր ժամանակներում գցվել է Շուշիի անկումը, Հադրութի կորուստը, հայտնի հակահարձակման ձախողումը, չի կարող հանգիստ լինել անգամ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով իր նկատմամբ հարուցված քրեական գործի՝ հոկտեմբերի 7-ի հակահարձակման դրվագով արդարացվեց: Ի դեպ, Ադրբեջանը նաև Ջալալ Հարությունյանի նկատմամբ էր հետախուզում հայտարարել:

Ինչպես Դավիթ Տոնոյանն էր մեզ հետ զրույցում նշել՝ «քրեական վարույթներ դեռ լինելու են, իսկ թե ում նկատմամբ, կախված է այդ պահի քաղաքական կոնյունկտուրայից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ