29 01 2020

«Անասնիզմի» պատվիրաններ, որոնք խախտվել են իշխանության կողմից․ Politik.am

«Անասնիզմի» պատվիրաններ, որոնք խախտվել են իշխանության կողմից․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը լավ հասկանալու համար օգնության են գալիս համաշխարհային գրականության ստեղծագործություններ։ Հայաստանում կատարվածը լավագույնս կարելի է տեսնել Ջորջ Օուրելի «Անասնաֆերմա» վիպակում։ Այս համեմատությունն իհարկե մեզանից առաջ շատերն արդեն արել են, բայց մենք կփորձենք իշխանափոխության տարբեր ժամանակաշրջաններ համեմատել գրական ստեղծագործության կոնկրետ գլուխների հետ։ Այս կերպ, կարծում ենք, առավել գունեղ կլինի պատկերացնել, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել ու որքանով են նոր իշխանությունները պահպանել այն սկզբունքները, որոնց համար դուրս էին եկել փողոց և ի վերջո վերցրեցին իշխանության ղեկը իրենց ձեռքը։

«Անասնաֆերմա»-ի առաջին գլխում ֆերմայի կենդանիները խոզերի առաջնորդությամբ հեղափոխություն են իրականացնում և վտարում են մարդկանց, ովքեր շահագործում էին իրենց։ Անասունները գրավելով ֆերման որոշում են գաղափարախոսություն ստեղծել, որը կոչում են «Անասնիզմ»։ Խոզերի գլխավորությամբ գրվում են պատվիրաններ, որոնք փակցվում են ֆերմայի պատին, որպեսզի ամեն պահի տեսանելի լինեն յուրաքանչյուր անասունի։ Այդ պատվիրաներն էին․

Բոլոր երկոտանիները թշնամի են

Բոլոր չորքոտանիները կամ թևավորները բարեկամ են

Անասունը երբեք հագուստ չի հագնի

Անասունը երբեք անկողնում չի քնի

Անասունը երբեք ոգելից խմիչք չի օգտագործի

Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի 

Բոլոր անասունները հավասար են

Հետագայում, երբ խոզերը ամրապնդեցին իրենց դիրքերը սկսեցին խախտել իրենց իսկ կողմից գրված պատվիրանները։ Եվ որպեսզի արդարացնեն իրենց վարքը փոփոխությունների ենթարկեցին ֆերմայի պատին գրված պատվիրանները։ Սա ի վերջո բերեց նրան, որ նրանք դարձան այն ինչի դեմ պայքարել էին՝ դարձան մարդ։

Հիմա փորձենք «Անասնաֆերմա»-ի առաջին գլխում տեղի ունեցած իրադարձությունները պրեյեկտել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վրա ու տեսնել, թե որքանով է իրական կայնքում տեղի ունեցածը համապատասխանում գրական ստեղծագործությանը։

Նիկոլ Փաշինյանը և նախկին ընդդիմության ամենավառ դեմքերն էլ, ինչպես վիպակում խոզերը՝ պնդում էին, որ իշխանությունները (ֆերմայի սեփականատերերը) շահագործում են ժողովրդին, կեղեքում են նրանց, չեն տալիս ժողովրդի հասանելիքը։ Հայաստանի նախկին ընդիմությունը պնդում էր, որ իրենց իշխանության գալու դեպքում մարդիկ ապրելու են ազատ և երջանիկ, իսկ իրական հանցագործները պատասխանատվություն են կրելու։

Փաշինյան ու իր հեղափոխական թիմը նաև առաջ էին քաշում պատվիրաններ, որոնք ժողովրդին էին փոխանցվում ելույթների ու կոչերի տեսքով։ Փորձենք իմի բերել դրանք․

Բոլոր նախկինները թշնամի են

Նոր իշխանության բոլոր անդմաները բարեկամներ են

Հեղափոխական իշխանությունը շռայլություններ թույլ չի տա

Հեղափոխականների համար առաջնային են ժողովրդի խնդիրները և առաջնային դրանք պետք է լուծում ստանան

Մեր իշխանության օրոք քաղաքական հետապնդումներ չեն լինի

Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են

Ի վերջո փաշինյանականներին հաջողվեց գալ իշխանության։ Իշխանության առաջին օրերին տպավորություն էր, որ նորերը պահելու են իրենց կողմից հանրությանը հրամցված պատվիրանները ու եկել է Հայաստանի քաղաքացիների համար այդքան սպասված երանելի օրինական և համերաշխ իրականությունը։ Բայց ինչպես վիպակում, այնպես էլ Հայաստանում ամեն բան չգնաց պլանավորածի պես, եթե չասենք ոչինչ այդպես չգնաց։  Ի վերջո եկավ մի պահ, որ Փաշինյանի կողմից խախտվեց այսպես անասնիզմի բոլոր պատվիրանները, որոնց վրա հենվելով եկել էին իշխանության։

Պարզվեց, որ բոլոր նախկինները թշնամի չեն։ Իշխանությունները փորձեցին վստահեցնել հանրությանը, որ Սամվել Ալեքսանյանը պարզապես խոշոր գործարար է, որ քաղաքացիներին ճնշելու գործողություններին մասնակցած փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը օրինապաշտ անձ է, ավելին գրեթե հեղափոխական։ Իշխանությունները նաև բացահայտեցին, որ նախկիններից Արթուր Դավթյանը, Դավիթ Տոնոյանը, Զոհրաբ Մնացականյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Էրիկ Գրիգորյանը, Արթուր Ջավադյանը, Տիգրան Մուկուչյանը ու էլի շատերը վատը չեն եղել։

Իշխանափոխությունից գրեթե մեկ ու կես տարի անց պարզվեց, որ նոր իշխանության ոչ բոլոր անդմաներ են լավը։ Ավելին պարզվեց, որ Փաշինյանի ամենավստահելի գործիչը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախկինների հետ հեղաշրջում է ցանակցել իրականացնել։

Հետո պարզվեց, որ նորերը ևս շռայլություններին դեմ չեն։ Վարչապետն օրինակ դեմ չէ 550 հազար դոլարով իր համար, իսկ 30 հազար դոլարով ավագ դստեր համար ծառայողական մեքենաներ գնել։ Վարչապետը դեմ չէ տարեկան 30 հազար դոլար գումար տալ իր կնոջ վարսավիրին։ Վարչապետը ամենևին վատ չի զգում 1 մլն դոլար տալ մասնավոր իքնաթիռով ԱՄՆ գնալ իր պատվին հրավիրված հանրահավաքին մասնակցելու համար ու այսպես բազմաթիվ շռայլություններ։

Իշխանափոխությունից մեկ տարի անց պարզվեց, որ առաջնայինը ոչ թե ժողովրդի սոցիալական խնդիրների լուծում էր, այլ իշխանական թիմի աշխատավարձերի կրկնապատկումը, ընդ որում իրենց իշխանության բերած ժողովրդից գաղտնի։

Նորերն էլ նախկինների նման սկսեցին քաղաքական հետապնդումներ իրականացնել իրենց ընդդիմադիրների նկատմամբ։ ՈՒ այստեղ կարևոր չէ, որ ընդիմադիրների այս կամ այն կերպ կապված են նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ։ Ի վերջո նախկիններից շատերը շատ ավելի սերտ հարաբերություններ ունեն հենց Փաշինյանի իշխանության հետ։

Եվ որ ամենակարևորն է՝ պարզվեց, որ բոլոր քաղաքացիները իրար հավասար չեն։ Ու փողոց փակելով իշխանության եկած խումը սկսկեց համոզել ժողովրդին, որ չի կարելի փողոց փակել, քանի որ դա անօրինական է։ Այսինքն իրենք կարող էին փողոց փակել, իսկ մյուսրները չեն կարող։ Ու կարևոր էլ չէ, որ այսօր էլ ճանապարհ փակողների պահանջը արդրացի է։

Ահա այսպես Փաշինյանն ու իր թիմն էլ, ինչպես «Անասնաֆերմա»-ում խոզերը իշխանության գալուց հետո դեմ դուրս եկան իրենց կողմից առաջ քաշված պատվիրաններին։ Եվ ինչպես խոզերը վերածվեցին նրան ինչի դեմ պայքարում էին։ Այսօր Փաշինայնը իր իշխանության բարքերով նույնքան հին է, որքան նախկին իշխանությունները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ