Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում «Դաշնակցություն» կուսակցության և հայկական լոբբիի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արտահայտած որոշ մտքերի առնչությամբ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր․ «Ես Ալիևի վրա ավելի շատ եմ ճնշում բանեցրել և բանեցնում, քան նույն ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ հյստակ կեցվածք ու պատգամ ունեմ»:
Բաքվում Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ կապված Էմանուել Մակրոնի հայտարարության հետ։ Այս մասին մամուլին հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև արձագանք էր հրապարակել Մակրոնին՝ նշելով, թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման ՝հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցրել էր Մակրոնին, որ հայկական Սփյուռքի ներկայացուցիչների մուտքն անգամ Հայաստանում է արգելված՝ գրելով․ «Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում: Հայ համայնքի ներկայացուցիչը, ում նա փորձում է բացատրություններ տալ, այն ծայրահեղականներից է, ում դեմ Հայաստանը մուտքի արգելք է սահմանել»։
Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահի խոսքերը ևս մեկ անգամ հաստատել էր դաշնակցական գործիչ Հրաչ Վարժապետյանը, որը մասնակցել էր այդ հանդիպմանը և որի հարցին ի պատասխան հենց Ֆրանսիայի նախագահն արել էր այդ սկանդալային հայտարարությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը